կարևոր
382 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 20:44

Մոսկվան պատրաստվում է լոքդաունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ռուսաստանում քովիդային իրավիճակն ավելի է սրվում: Հակառեկորդը հակառեկորդի հետեւից է գրանցվում: Դաշնությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 38 հազար նոր դեպք՝ ամենաշատը համավարակի մեկնարկից ի վեր: Վերջին 24 ժամում մահացածների թիվն էլ նորից հատել է հազարի սահմանը: Քովիդով վարակվածների մեծ մասը մայրաքաղաքից է: Մոսկվայի քաղաքապետն ահազանգում է:

Սրանից խուսափելու հույսով՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը, Մոսկվան կրկին լոքդաունի կանցնի: Կփակվի գրեթե ամեն ինչ՝ առեւտրի կենտրոնները, կինոթատրոնները, մարզասրահները, գեղեցկության սրահները: Ռեստորաններն ու սրճարանները կկարողանան միայն առաքում իրականացնել: Դպրոցները կգնան արձակուդի: Բուհերում դասապրոցեսը հեռավար կլինի: Կարգելվեն զանգվածային միջոցառումները:

Հատկանշական է, որ լոքդաունի օրերին չի խաթարվի նաեւ հասարակական տրանսպոտի աշխատանքը:

Որոշ սահմանափակումներ ուժի մեջ են մտել արդեն այսօրվանից: 60 տարեկանից բարձր, նաեւ քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք պետք է անցնեն տնային ռեժմի 4 ամսով՝ մինչեւ փետրվարի 25-ը: Տնից կկարողանան դուրս գալ որոշ դեպքերում, օրինակ՝ հիվանդանոց գնալու կամ աղբը թափելու համար: 

Արդյոք նոր լոքդաունի արդյունքում վարակի տարածման տեմպերը կդանդաղեն, մոսկվայաբնակների կարծիքները տարբեր են:

Ի՞նչ է սպասվում մոսկվայաբնակներին նոյեմբերի 8-ից: Այս պահի դրությամբ՝ կսահմանափակվի 60 տարեկանից բարձր, նաեւ քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունքը, եթե պատվաստված կամ քովիդից վերջերս առողջացած չլինեն:

Նաեւ 500-ից ավելի մարդկանց մասնակցությամբ միջոցառումներին պարտադիր կլինի QR կոդի կիրառումը: Այն փաստում է, որ տվյալ անձը կամ պատվաստված է, կամ հիվանդացել է կորոնավիրուսով վերջին 6 ամսվա ընթացքում, կամ էլ ունի ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Ամեն դեպքում, ռուսական լրատվամիջոցները գրում են՝ չի բացառվում, որ նոյեմբերի 7-ից հետո Մոսկվայում լոքդաունը երկարաձգվի, եթե նոր վարակակիրների թիվը չնվազի:

Մանրամասնում է՝ Մարին Մելիսեթյանը։