կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 20:32

Առաջարկում ենք բացառել մարդու իրավունքների չհիմնավորված սահմանափակումների հնարավորությունը․ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Առաջարկում ենք բացառել մարդու իրավունքների չհիմնավորված սահմանափակումների հնարավորությունը․ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կարծիքը 2021թ. հոկտեմբերի 8-ի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ https://www.e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Համաձայն նշված փոփոխությունների՝ աշխատողի կողմից պատվաստումը հավաստող փաստաթուղթը կամ թեստավորման բացասական արդյունքը գործատուին չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի և կարող է չվճարել աշխատավարձ այդ ժամանակահատվածի համար, իսկ աշխատողի կողմից 30 օր աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք կստանա լուծել աշխատանքային պայմանագիրը։ Համանման կանոններ են նախատեսվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում:

Ըստ ԻՊԱՍ-ի՝ փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրության 25-րդ /Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը/, 28-րդ /Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը/, 29-րդ / Խտրականության արգելքը/, 31-րդ /մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը/, 57-րդ /Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները/, 78-րդ /Համաչափության սկզբունքը/ հոդվածներին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերին:

Առաջարկություն.

-Շրջանառությունից հանել «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

-Շահագրգիռ կողմերի հետ քննարկել կանխարգելիչ միջոցառումների կիրառման հարցերը՝ բացառելու մարդու իրավունքների չհիմնավորված սահմանափակումների, այդ թվում՝ խտրականության և աշխատանքային իրավունքների խախտումների հնարավորությունը: