կարևոր
316 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 19:03

Պատերազմի 29-րդ օրը առաջնագծում շարունակվում էին մարտերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի 29-րդ օրը Արծրուն Հովհաննիսյանը շարունակ խոսում էր հաղթանակի կարեւորության մասին: Իսկ դիվանագիտական ճակատում, առանձնապես, փոփոխություն չկար: Թե Ադրբեջանը, եւ թե Հայաստանը կրակի դադարեցման պատրաստակամություն էին հայտնում, սակայն, դրանք միայն խոսքեր էին, առաջնագծում չէին դադարում մարտերը: 29-րդ օրը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը նշեց, որ Փաշինյանը համամիտ է փոխզիջման հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն հիշեցնենք, որ Փաշինյանը պատերազմի 25-րդ օրը՝ հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, թե  հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում:

Պատերազմի 29-րդ օրը հայտնվում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը եւ հայտարարում հայրենադավության մասին՝ խոստանալով բացահայտումներ անել: Հանրությունն արդեն մեկ տարի սպասում է Ռոմանոս Պետրոսյանի «անուն առ անուն» բացահայտումներին: Նախորդ օրն էլ՝ հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է դիպուկահարի ինքնաձիգի լուանկար: Պարզ երեւում էր, որ լուսանկարը առաջնագծում արված չէ: Սա հարցի մի կողմն է. ոչ ոք այդպես էլ չդատապարտեց ռազմական ոլորտի հետ կապ չունեցող նախարարի նման գրառումը, այն էլ պատերազմի պայմաններում:

Հոկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի եւ անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ Արայիկ Հարությունյանը քննարկել էր այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու ագրեսիվ գործողություններն ու անդառնալի կորուստներ հասցնեն: Կան տեղեկություններ, որ Ջալալ Հարությունյանը հենց պատերազմի 29-րդ օրն է վիրավորվել, սակայն, այդ մասին պաշտոնական աղբյուրները հայտնեցին մի քանի օր հետո: Այնուհետեւ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարի մասին այլեւս չխոսվեց: Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր նախարարի պաշտոնից: 

Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքը խաղաղ ցույցեր էր կազմակերպում՝ ի պաշտպանություն Արցախի: Որքան էլ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները փորձում էին աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախյան պատերազմի վրա, ցավոք առաջնագծում շարունակվում էին մարտերը: Օրվա ավարտին լուռ ներկայացվում էր թշնամու ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված մեր հայրենակիցների անունները: Իսկ Շուշան Ստեփանյանը շտապում էր տեղադրել հերթական հաղթական տեսանյութը առաջնագծից՝ հանրությանը հերթական անգամ կեղծ հույսեր տալով: