կարևոր
382 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 16:54

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով ստեղծվել է արդար դատաքննության իրավունքի խախտումների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով ստեղծվել է արդար դատաքննության իրավունքի խախտումների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Դրա նախաձեռնողները «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն են:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում:

Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով այս թեմային, հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովի առաջին խումբը վերաբերում է այն հայտնի խնդրին, թե դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման համակարգը, այդ սարքավորումը, տեխնիկական լուծումը իշխանությունների կողմից խլվել է: Երկրորդ խումբը, որը ուսումնասիրելու է քննիչ հանձնաժողովը, վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին, որոնք ամենամեծ թափը ստացան 2020թ նոյեմբեր ամսից հետո: