կարևոր
370 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 13:50

Ունենք խաթարված արդար դատաքննության իրավունք. Արամ Վարդևանյան

Ունենք խաթարված արդար դատաքննության իրավունք. Արամ Վարդևանյան

Խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների հարցով։ Այս մասին ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսի ժամանակ: 

Վարդևանյանը, ներկայացնելով նախաձեռնության մանրամասները, ընդգծեց, որ արդար դատաքննության ոլորտում բազմաթիվ խնդիրներ արձանագրվել են վերջին երեք տարիների ընթացքում։ Նախկինում ևս նման խնդիրներ եղել են, սակայն նաև եղել է զարգացման, բարեփոխման, դատարանների անկախության ձևավորման դրական դինամիկա, մինչդեռ գործադիր իշխանությունը ցույց տվեց, որ դրանց նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում ունի զրո հանդուրժողականություն։ 

«Քննիչ հանձնաժողովի առաջին խումբը վերաբերում է այն հայտնի խնդրին, թե դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման համակարգը, այդ սարքավորումը, տեխնիկական լուծումը իշխանությունների կողմից խլվել է:

Այսինքն որոշեցին, որ այլևս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի, թե որ գործով որ դատավորը պետք է քննության առնի բողոքը, որոշեցին խլել համակարգը։ Մինչ օրս համակարգը խլված է և այդ խլված համակարգի իրավիճակը, պատճառները, թե ինչպե՞ս է ստացվում, որ 21-րդ դարում, երբ կան տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաթիվ լուծումներ, մինչ օրս այդ համակարգը չի գործում, ի դեպ այդ համակարգը տարիներ շարունակ գործում էր 2013-2014 թվականներին և հենց միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանի իշխանությունները ներդրեցին այդ համակարգը, որը հենց դատարանների անկախության երաշխավորման կարևոր գործիքներից մեկն էր: Այն ողջունվել էր Եվրոպայի խորհրդի կողմից, ԱՄՆ դեսպանատան կողմից: Բայց հիմա այնպես է ստացվել, որ նույն այդ կազմակերպությունները որևէ մտահոգություն չունեն նշված իրավիճակի վերաբերյալ»,-ասաց Արամ Վարդևանյանը և նշեց, որ առաջին հանգամանքը դա է լինելու քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում։

«Երկրորդ խումբը, որը ուսումնասիրելու է քննիչ հանձնաժողովը, վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին, որոնք ամենամեծ թափը ստացան 2020թ նոյեմբեր ամսից հետո։ Այդ ժամանակահատվածից սկսած իշխանությունների համար սկզբունքային էին կալանքների ֆետիշացումը, որոնք, սակայն, արդյունք չէին ստանում դատավորների կամային հատկանիշների դրսևորման համար, որովհետև դատավորները ոչ թե «պատմուճանով դատախազ» էին, այլ՝ դատավոր։ Այդ խնդրի նկատմամբ զրո հանդուրժողականություն ունենալու պայմաններում բոլոր դատավորների նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ պետք է պարզել, թե ինչպես է ստացվել, որ Արմեն Դանիելյանի, Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Պողոսյանի, Մհեր Արղամանյանի նկատմամբ վարույթներ չեն հարուցվում, փոխարենը հարուցվում են դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Արման Հովհաննիսյանի, Սերգեյ Մարաբյանի նկատմամբ։

Նա հայտնեց, որ նախատեսում են երեքամսյա ժամկետում ավարտել աշխատանքները և մանրամասն ներկայացնել այդ երկու խնդիրների վերաբերյալ իրական իրավիճակն ու զեկույցով հանդես գալ: