կարևոր
418 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 13:50

Հանձնաժողովի աշխատանքներով կկոտրվի իշխանությունները կոռուպցիոներ չեն միֆը. Հայկ Մամիջանյան

Հանձնաժողովի աշխատանքներով կկոտրվի իշխանությունները կոռուպցիոներ չեն միֆը. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասուլիսում հայտարարեց, որ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականության հարցերը: 

Նա նշեց, որ աշխարհասփյուռ հայությունն ու ՀՀ քաղաքացիները հաճախ իրենց օրվա ապրուստի միջոցները զգալիորեն խնայելով՝ 44-օրյա պատերազմի օրերին ոչինչ չէին խնայում «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար:

«Հետագայում, ըստ մամուլում շրջանառվող նորությունների հիմնավոր կասկած կար, որ  հիմնադրամի ծախսային հատվածը, առավել ևս պետական բյուջե կատարած փոխանցումը, անհասկանալի և խիստ կասկածելի պայմաններում և նպատակներով իրականացվել են չարաշահումներով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: 

Նրա խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվել էր իրականացնել աուդիտ և ներկայացնել արդյունքները հանրությանը, սակայն այդ արդյունքները հիմնադրամի կայքում չկա, իսկ պատգամավորի գրավոր հարցմանը հիմնադրամից պատասխանել են, որ այդ արդյունքերը պետք է հաստատվեն հոգաբարձուների խորհրդի կողմից և նոր հրապարակվեն:

Հ. Մամիջանյանը նշեց, որ աուդիտ իրականացրել է լոկալ մի կազմակերպություն, որը նույնպես, կարծում է, խնդիրներ է առաջացնում:

«Ուստի, ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը  կուսումնասիրի պետական բյուջե փոխանցման օրինականությունը և հաշվի առնելով ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, հնարավորություն կտա նաև ուսումնասիրել առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը:

Կարծում եմ՝ օդում կախված լուրերի հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չէր: Մենք պնդում ենք դրա հակառակը և վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա ևս մեկ անգամ կապացուցվի»,- ասաց Հայկ Մամիջանյանը: