կարևոր
610 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 19:45

Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու. «Ալիք մեդիա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու». սա հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների օրվա գլխագրերում է: Իսկ լուրն առաջինը հայտնել է «Ալիք Մեդիան»՝ վկայակոչելով, լրատվամիջոցի պնդմամբ, դիվանագիտական վստահելի, բայց անանուն աղբյուրներին: Հատկանշական է, որ ինֆորմացիոն այս արտահոսքն իրականացնող «Ալիք մեդիան» ֆինանսավորվում է արեւմուտքից, պատկանում է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին: Լրատվամիջոցը հայտնում է, որ այդ փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:

Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները:Ռուսաստանի Գլխավոր շտաբում գտնվող այդ քարտեզները, 2 օր առաջ «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ, հիշատակել էր հենց Ռուսաստանի նախագահը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Ի դեպ, օրերս, Արցախի բռնազավթված տարածքներ հերթական այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահն ասել էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում Բաքուն հասնում է իր ուզածին եւ, թե սկզբում հայկական կողմը դիմադրում էր, բայց հիմա արդեն համաձայն է:

Իսկ եռակողմ ենթադրյալ հանդիպման ու հայտարարությունների ստորագրման լուրի մասին, հայկական կողմի ինֆորմացիոն արտահոսքից հետո, հայտնեց ռուսական Ռիա Նովոստին՝ կրկին հղում անելով անանուն աղբյուրի: Ավելի ուշ արձագանքեց արդեն Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը չհերքեց, միայն ընդգծեց, եթե նման հանդիպան շուրջ համաձայնություն ձեռք բերվի, կտեղեկացնեն: Պեսկովի մեկնաբանությունից հետո արձագանք եղավ նաեւ Հայաստանի արտգործնախարարությունից. գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ որեւէ հանդիպում նախատեսված չէ, բայց եւ չի բացառվում, որ կլինի: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։