կարևոր
1384 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-23 15:48

ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է բանակցությունների մասին տեղեկությունները

ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է բանակցությունների մասին տեղեկությունները

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինայնի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է բանակցությունների մասին տեղեկությունները:

«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Ալիք Մեդիան գրել էր, որ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում: Ըստ նույն աղբյուրի` բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։

Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ եթե Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի այդ մասին։