Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները։
«Եթե Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի այդ մասին», - ասել է նա։
Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Ալիք Մեդիան գրել էր, որ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:
Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում: Ըստ նույն աղբյուրի` բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։
Հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է կապիտուլացիոն հայտարարություն ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ: