«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», -ասված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Պատգամավորը ունի 7 օր ժամանակ դիմումը ետ վերցնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Սեդրակյանն անձնական պատճառներով վայր է դնում պատգամավորական մանդատը։
2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Հայաստան» դաշինքը ստացել է 29 պատգամավորական մանդատ:
Ըստ ցուցակի` Սեդրակյանից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, որը օրեր առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար:
Առուշանյանին ցուցակում հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր: