Եթե մենք ուզում ենք մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման, ուրեմն այդ հարցերը պետք է լուծվեն միայն այն բանից հետո, երբ կհստակեցվի Արցախի Հանրապետության կարգավիճակը, եթե ոչ՝ որևէ հարց կապված հակամարտության հետ չի կարող լուծվել։ Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Կան իրավական ակտեր, այդ թվում միջազգային, որոնք մենք ընդունում ենք որպես իրողություն ու անցնում ենք առաջ։ Այդպես ճիշտ չէ, պետք է խնդիր բարձրացվի քննարկելու համար նոյեմբերի 9-ի հրամանագիրը․ այն իրավական ուժ չունի։ Մենք պետք է դիմենք բոլոր այն միջազգային կառույցներին, պետություններին, որոնք շահագրգռված են և ակտիվ մասնակցություն ունեն պարզաբանում տալու համար, որ խախտվել է մեր սահմանադրությունը՝ 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով, տարածքային ամբողջականության սպառնալիքի տակ որևէ պայմանագիր ստորագրելը իննքնին անվավեր պայմանագիր է։
Դանիելյանը հայտնեց, որ իր ելույթում չի կարող ամեն ինչ ասել, քանի որ քննարկումը բաց է, այն նաև թշնամիներն են լսում և հույս հայտնեց, որ կձևավորվի աշխատանքային խումբ, որտեղ ավելի անկաշկանդ քննարկումներ կիրականացվեն:
«Մենք շատ դեպքերում Արցախի շուրջ հակամարտությունը ներկայացնում ենք երկու երկրների միջև հակամարտություն, մինչդեռ նման բան գոյություն չունի, իսկ թշնամի երկրի նախագահը ներկայացնում է, որ այն կրոնական ենթատեքստ ունի և պատերազմի տարելիցի իր ելույթում ասում է, որ ինքը կարողացավ հաղթել իսլամիզմի դեմ ելած քրիստոնեությանը»,-ասաց իրավագիտության դոկտորը և պնդեց, որ նման և բազում այլ սայթաքումներ պետք է կարողանալ օգտագործել Ադրբեջանի դեմ:
Ըստ Գևորգ Դանիելյանի՝ պետք է հասկանալ, որ նման հայտարարություններով Ալիևը ողջ աշխարհին ուզում է ապացուցել, որ ինքն է եղել այս պատերազմի հիմնական մասնակիցը, մինչդեռ այդպես չէ, դրա ընթացքը Թուրքիան է կանխորոշել և ադյունքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ Անկարան արդեն միջնորդի դերի մեջ է փորձում տեղավորվել, որն անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր է:
«Հսկայական տվյալներ կան, նաև այլ երկրների հետախազական ծառայությունների տիրապետման տակ, որ պատերազմի հիմնական մասնակիցն եղել է Թուրքիան, որ ներգրավված են եղել նաև զինված ահաբեկչական խմբավորումներ, իսկ հայկական կողմը, կարծես, այդ մասին մոռացել է և կենտրոնացել Ադրբեջանի վրա:
Եթե մենք անվտանգության խնդիր ենք լուծում, ապա պետք է հասկանալ, որ Թուրքիայի դերակատարությունը պետք է հստակեցվի, այլապես մեզ համար նա կընկալվի որպես միջնորդ, դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ»,-ասաց Դանիելյանը։
Նա բերեց Հաագայի դատարանում ընթացող դատավարության օրինակը, երբ պատասխանող կողմը միայն Ադրբեջանն է՝ Թուրքիան գոյություն չունի:
Իրավագիտության դոկտորը պնդեց, որ սահմանազատման և սահմանագծման խնդիրը պետք է լուծվի միայն Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշումից հետո, եթե ոչ, ապա հակամարտության հետ կապված որևէ այլ հարց չի լուծվի: