կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 18:40

Հայաստանը գտնվում է անվտանգային ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում․ Թադևոս Ավետիսյան

Հայաստանը գտնվում է անվտանգային ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում․ Թադևոս Ավետիսյան

Հայաստանի և Արցախի դեմ կանգնած սպառնալիքների համատեքստում կարևոր է նաև տնտեսական ռիսկերն ու հետևանքները, որոնք այսօր առկա են։ Ցավոք սրտի, դրանք մանիպուլացվում են և ներկայացվում են որպես հնարավոր արդյունքներ։ Այս մասին «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը։

«Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։

Փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունը Հայաստանի հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիլ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ»,- նշեց նա։

Այս համատեքստում Ավետիսյանը հատկանշական է համարում այն, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։

«Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝

  • հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
  •  ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
  • անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
  • մյուս կողմից՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, իրագործման ենթակա,
  • անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով»,-ասաց պատգամավորը։

Ըստ Ավետիսյանի Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։ Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40-45 տոկոսը նավթի և գազի արդյունահանումն է, իսկ տնտեսական համակարգն առավելապես կցված է Թուրքիայի տնտեսությանը։ Տարեկան շուրջ 18 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով արդյունահանվող ադրբեջանական նավթն ու գազը անփոխարինելի նյութական հիմք են Թուրքիայի տնտեսության կայուն զարգացման համար՝ էներգետիկ էժան ռեսուրսներ, արտահանման աճող պահանջարկ ունեցող մեծ շուկա, նավթադոլարային ներդրումներ և այլն։

«Անկախ Հայաստանի տնտեսական համակարգը ձևավորվել և զարգացել է հարևան երկու երկրների կողմից տնտեսական լիակատար շրջափակման պայմաններում, իսկ այդ երկրների հետ նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։

Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը լինելու է աննշան՝ հաշվի առնելով ներկա փուլում առկա պետական բյուջեի հնարավորությունները, օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը, առաջանցիկ աճող պետական պարտքի և դրա սպասարկման բեռը։ Այսինքն՝ դրանք ձևավորվելու և շահագործվելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտությամբ։

Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առավելություններն ու հետաքրքրությունը, աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։

Հայաստանի տարածքով հաղորդակցության նոր կոմունիկացիաները ձևավորելու են թուրք-ադրբեջանական տնտեսական փոխսերտաճման նոր մակարդակ՝ բերելով երկարաժամկետ նոր մարտահրավերներ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից։

Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ Իրան, ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներ։ Այս երկրների հետ ձևավորված են նաև միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն։

Արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական և ադրբեջանական շուկաներում։ Այս երկու երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի անբարենպաստ հիմնական պայմաններն են՝ արտահանման ճյուղերի բարձր համընկնումը, Հայաստանի արտահանող ճյուղերում համամետական բարձր ծախսերն ու տեխնոլոգիական ցածր մակարդակը, Հայաստանի համեմատ այդ երկրներում էներգետիկ ռեսուրսների էապես ցածր գները, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական սուբսիդիաների անհամեմատ մեծ ծավալը, մասշտաբի էֆեկտը, Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը, իսկ երրորդ երկրներից ներմուծման նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականությունը  Իրականում Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների գնողունակ մեծ շուկայի հասանելիության անտեսումը և այլն։

44-օրյա պատերազմից և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիվ փուլ։ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները պատերազմի իրական սպառնալիքը դարձրել են ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք։ Հայաստանի իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ տնտեսական ռազմավարական շահերի զիջումների դիմաց լավագույն դեպքում ակնկալելով կարճաժամկետ տնտեսական որոշ արդյունքներ»։

Պատգամավորը ընդգծեց է, որ երկրի տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, շուկայական ազատ մրցակցության սկզբունքի վրա հիմնված վայրենի մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով։

«Տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը, Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին։

Մեր երկրում ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմքը դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար։ Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն Հայաստանի ու Արցախի ընդհանուր տարածքի պաշտպանությանը, առկա մարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը»,-եղրափակեց Ավետիսյանը: