կարևոր
2119 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-22 18:15

Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ազգային դիմադրություն ստեղծելու անհրաժշտությունն այն խնդիրն է, որը ես ցանկանում էի բարձրաձայնել այս համաժողովին՝ հատկապես խոսելով Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի վերականգնման գործընթացը գլուխ բերելու նախադրյալների մասին։ Այս մասին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ասաց «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ։

«10 օր առաջ Արցախից լուր ստացվեց, որ մարտական հենակետերից մեկում ունենք 6 վիրավոր՝ Ադրբեջանից արձակված կրակի հետևանքով։ Վերլուծելով այդ միջադեպի հետ կապված հանրային քննարկումները, պաշտոնական լրահոսը և այլն, ակնհայտ էր, որ շարունակվում է մեր ժողովրդի մեջ քարոզվել վախը դեպի թշնամին, այսինքն, այդ սրացումը շատ կարճ ժամանակում բերեց խուճապի, թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի Հանրապետություններում՝ ինչ կլինի եթե նոր պատերազմ սկսվի»,-ասաց նա։

Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ այստեղ համակերպվածություն չկա։

«Այսինքն այսօր կարևոր է գտնել ազգային դիմադրության հիմքերը, բարձրաձայնել և հնարավորինս մեծ հնչեղության տալ»,- ընդգծեց քաղաքագետը։

Ըստ նրա, պետք է փորձել մի քիչ առաջ նայել, ոչ միայն ուշադրության կենտրոնում պահել այսօր առկա օրհասական խնդիրները, այլ նաև այն հարցերը, որոնք կարող են մեզ սպառնալ 5-10 տարի անց։ 

«Մենք անընդհատ խոսում ենք Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, որ Ադրբեջանը դիրքեր է գրավում, բարենպաստ պայմաններ է ստեղծում իր համար հետագայում հնարավոր ռազմական ագրեսիայի տեսակետից։ Ցավոք սրտի, նույնիսկ փորձագիտական շրջանակներում, շատ կարճաժամկետ խնդիրներն են քննարկվում։

Օրինակ, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցող զարգացումները դիտարկում ենք առանձին, կարծես կապված չեն Սյունիքի սահմանի խախտման փաստի հետ, մինչդեռ Գեղարքունիքում նրանք այնպիսի դիրքեր են գրավել, որտեղից հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը, փաստացի չեզոքացնել Սյունքի հետ կապը Հայաստանի ողջ տարածքից»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը։