ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահԻշխան Սաղաթելյանն այսօր կայացած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ այսօրվա քննարկումը Հայաստանը և Արցախը փրկելու մի նոր գործընթացի սկիզբն է:
«Այսօրը կարող եք համարել մի նոր գործընթացի սկիզբ․ մեր քննարկմանն հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է, ինչպես նաև դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան՝ փրկել Հայաստանը և Արցախը»։
Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ՝ այո՛, գտնում են, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը։
«Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր են և նաև դա է մեր հակազդեցության բուն պատճառը, որ իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և որը ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում՝ կեղծ է, և իրականությունից կտրված գործընթացներ են, ու այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա համոզված է, որ լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ։
«Հետևաբար, դա կանխելու համար մենք գտնում ենք, որ համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն, որ ցույց տա ամբողջ աշխարհին, այդ թվում այսօրվա այս չարիքի իշխանությանը, որ մեր երկրում կա դիմադրություն, մեր ժողովուրդը համաձայն չէ այս ընթացքին, և դուրս է գալիս պայքարի: Մենք մեր անցյալով և գործունեությամբ ցույց ենք տվել, որ սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու, բայց այս ամբողջ պրոցեսը պետք է հասունացնենք և առաջիկայում՝ մյուս շաբաթվա մեջ մենք կունենանք մեծ հանրահավաք:
Մեր պետականությունը գտնվում է վտանգի տակ, Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները գնալու են նոր զիջումների, պետք է փորձենք կանխել»: