Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, և մեր պետական, պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում կարծես այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում: «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանը։
«Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են․ Հայաստանը մտել է մի գործընթացի, հորձանուտի մեջ, որտեղից ինչպես դուրս կգա՝ կախված է լինելու մեր սերունդների ապագան»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանը ընդգծեց, որ այդ կարևորությունն է իրենց բերել է նշված թեմայի ձևակերպմանը: «Իսկապես Հայաստանի, Արցախի և հայության առջև կանգնած են լրջագույն սպառնալիքներ և վտանգներ, և դրանց արձանագրման անհրաժշտությունն այսօր հրատապ է, և ոչ միայն պետք է մենք արձանագրենք դա, այլ նաև փորձենք հասկանալ, թե ինչպիսի ուղիներ կան դրանք հաղաթահարելու համար, որովհետև կան մարտահրավերներ, որ օբեյկտիվորեն առկա են, և այդ մարտահրավերների լուծման տրամաբանությունից է կախված լինելու Հայաստանը շահած դուրս կգա, թե՞ մենք կկորցնենք մեր ունեցած ձեռքբերումները:
Մենք այս քննարկումով ցանկանում ենք սկիզբ դնել մի գործընթացի, որի ավարտը պետք է լինի շատ հստակ պատկերացումը Հայսատանի առջև կանգնած մարտահրավերների դրանց հաղթահարման ուղիների և սա դարձնենք նաև մի հնարավորություն, որ հանրային քննարկումները կենտրոնանան այս գլխավոր խնդրի վրա»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ նախատեսում են քննարկման վերջում ձևավորել աշխատանքային մի խումբ, որը կամփոփի այսօրվա քննարկումները, կպատրաստի նախագիծ, որը հետագայում կներկայացվի հանրությանը։
Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առերևույթ միտված նորօրյա գործընթացում Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ խաղաղություն շնորհիվ Հայաստանի ուժեղացման, թե՞ ի հաշիվ Հայաստանի թրքացման։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում դերակատար երկրների շահերի բախման և բևեռեցման որպես հետևանք կատարվում է ազդեցության գոտիների նոր վերաբաշխում։ Ավանդաբար այսպիսի գործընթացում անմիջական մրցակցությունը ծավալվում է ՌԴ և Թուրքիայի միջև, ինչը դրսևորվում է միաժամանակ թե՛ նրանց ունեցած գրեթե նույն հավակնություններով նույն տարածքների նկատմամբ, թե՛ իրավիճակային բնույթ ունեցող ընդհանուր հաառակորդների ի հայտ գալով։ Թե ինչպիսի տեսք կունենա մեզ համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր քարտեզը, կախված է նրանից, թե մինչև որտեղ կհասնի Թուրքիայի ծրագրերի նեոօսմանական ռազմավարության խորությունը։ Սակայն իրականությունն այն է, որ սա միայն մարտահրավեր չէ ուղղված Հայաստանին, այլ Թուրքիան իր ռազմավարական շահերի գոտի է հռչակել շուրջ 70 պետություն, որտեղ բնակվում են թրքալեզու ժողովուրդներ»,- նշեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, այս շրջանակում ոչ միայն տարածաշրջանային դերակատարներ Ռուսաստանն ու Իրանն են, այլև Չինաստանն ու Հնդկաստանը, դեպի մինչև Արևմուտք՝ Միջերկրածովյան ավազան։
«Եվ հենց այս երկրների ռազմավարական շահերից նաև չի բխում, որ Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը և պանթուրանական աքցանի մեջ ընկնելով՝ վերջնականապես հայտնվի, այսպես կոչված, աշխարհաքաղաքական պարկում։ Այդ պարկից Հայաստանը հանողը և աշխարհաքաղաքական գծի վրա պահողն այսօր Սյունիքն է», - ասաց Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով, ժողովուրդը չի կարող թմբիրի մեջ սպասել մինչև ամեն ինչ իր թիկունքում ավարտին հասցվի։ «Իսկ որ արդեն ստեղծվում են անշրջելի վիճակներ, վկան սահմաններում տիրող իրավիճակն է։ Գոյություն չունի սահմանազատման, սահմանագծման մասին որևէ վերջնական համաձայնություն կողմերի միջև, բայց Ադրբեջանն արդեն, դիրքերը գրավելով, կանխորոշում է սահմանազատման հետագա ընթացքը։ Այս վտանգների դեմն առնելու ճանապարհը համահայկական միասնությամբ ազգային դիմադրություն առաջացնելն է։
Դիմադրության պլատֆորմը պետք է ձևավորել Հայաստանի թուրքացաման և Արցախի հայաթափման սապռանալիքների ամբողջական գնահատման, դրանց հաղթահարման մարտավարական հստակ սկզբունքների մատնանշման հիման վրա»,- ասաց Արմեն Ռուստամյանը։