կարևոր
1048 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 12:56

Այսօր Կոմիտասի հիշատակի օրն է

1935 թ. հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 6-ին Փարիզի Վիլ Ժուիֆի հիվանդանոցում՝ գարշապարի թարախակալումից մահացավ Կոմիտասը: Մահից տարիներ առաջ նրան այցելած նկարիչ Փանոս Թերլեմեզյանն իր հուշերում գրում է.

«1928 թ. մի անգամ ես այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցինք: Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգար իր էությունը բզկտող տառապանքը»:

Հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ.-ի սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։

Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար է եղել, բայց օժտված է եղել գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի է ընկնել նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին։ Կոմիտասը հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։ 

1881 թվականին Կուտինայի վանահայր Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվում է տասներկուամյա Սողոմոնը:

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է որպես սարկավագ։ 1893թ.-ին ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, ժողովրդական երգեր մշակում, գրելով իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։

1895 թվականին Կոմիտասը ստացել է է վարդապետի հոգևոր աստիճան:

Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնում է ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:

Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս որպես հայ երաժշտության կատարող:

1910 թ․-ին Կոմիտասը մեկնում է Կ.Պոլիս, որտեղ կազմակերպում է երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:

1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվում է նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվում է Անատոլիայի խորքերը, ականատես լինելով հայ ժողովրդի բնաջնջմանը։

Ու թեև Կոմիտասը վերադառնում է Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք են թողնում նրա հոգեկան աշխարհի վրա։

1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն էլ ավելի է վատանում և նրան տեղափոխում են հոգեբուժարան։