կարևոր
1639 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 22:07

Թուրքիայում դիվանագիտական սկանդալ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռեջեփ Էրդողանը ջղաձգումների մեջ է, սպառնում է արտաքսել Թուրքիայից այն 10 երկրի դեսպաններին, որոնք միասնաբար կոչ են արել ազատ արձակել թուրք ակտիվիստ, իրավապաշտպան Օսման Քավալային: Իսկ Թուրքիայի իշխանությունների վրդովմունքն առաջացրել են Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները: Թուրքիայի նախագահն իր ամբողջ զայրույթը թափել է Աֆրիկայից վերադառնալու ճանապարհին՝ օդանավում լրագրողների հետ զրույցում, տեսախցիկներից հեռու, Քավալային անվանել է Սորոսի մնացորդ, հարձակվել դեսպանների վրա:

«Ինչո՞ւ են այդ 10 դեսպանը նման հայտարարություններ անում: Ես մեր արտգործնախարարին ասացի, որ մենք մեր երկրում նրանց ընդունելու ճոխություն չունենք: Թուրքիային դաս տալը ձեր գո՞րծն է: Ովքե՞ր եք դուք: Այս ի՞նչ է: Հեռու մնացեք Քավալայից: Դուք ձեր սեփական երկրներում մարդասպաններ, ահաբեկիչներ եւ ավազակներ պահո՞ւմ եք: Ամերիկա, Գերմանիա, նրանցից ո՞ր մեկն է նման բան արել: Նրանք միշտ պատասխանում են՝ «դատարանն անկախ է»: Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, իսկ մերը` կախյա՞լ: Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս»:

Իրականում՝ Օսման Քավալայի գործը Էրդողանի ռեժիմից թուրքական դատարանի կախվածության լավագույն օրինակներից մեկն է: 64-ամյա Քավալան բանտարկված է արդեն 4 տարի՝ առանց դատավճռի: Հայտնի գործարար, ակտիվիստը ձերբակալվել է 2017-ի նոյեմբերին՝ մեղադրվելով Ստամբուլի Գեզիի զբոսայգում 2013-ին տեղի ունեցած հակակառավարական ցույցերը կազմակերպելու, Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի համար: Անցած տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշել էր արդարացնել եւ ազատ արձակել Քավալային, սակայն նույն օրը՝ ավելի ուշ, Թուրքիայի դատախազությունը նոր մեղադրանք էր առաջադրել՝ 2016-ի հեղաշրջման փորձի մեջ ներգրավված լինելու վերաբերյալ: Քավալան կրկին ձերբակալվել էր:

Օսման Քավալան հայտնի է նաեւ իր հայամետ դիրքորոշմամբ: Նա Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած գործիչներից է, եղել է Հայաստանում: Իրավապաշտպան կազմակերպությունների բնորոշմամբ՝ Քավալայի գործը խորհրդանշում է էրդողանական բռնաճնշումները Թուրքիայում այլախոհների նկատմամբ: Քավալայի ազատ արձակումը պահանջած արեւմտյան 10 պետությունների դեսպաններն էլ իրենց հայտարարությունում արձանագրել էին՝ Թուրքայում ժողովրդավարության հետընթաց է ապրում:

Օսման Քավալայի գործով դատավարության հետաձգումները, նաեւ տարբեր գործերի միաձուլումը եւ նրան արդարացնելուց հետո՝ նոր գործերի ստեղծումը, ստվեր են գցում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ թուրքական դատական համակարգի թափանցիկության նկատմամբ հարգանքի վրա:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։