կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 21:20

Իշխանական պատգամավորների հերթական նախագծով նոր տուգանքներ են նախատեսված լրատվամիջոցների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆինանսական աղբյուրների մասին հաշվետվություն չներկայացնող ու չնույնականացվող աղբյուրներին հղում անող լրատվամիջոցները ամեն մի խախտման համար կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Իշխանական պատգամավորների այս նախաձեռնությունն արդեն ներառվել է լիագումար նիստերի օրակարգում:  

Փոփոխությանը դեմ են «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Խոսքի ազատությունը հերթական անգամ ոտնատակ է արվում, պնդում են․
«Եթե նպատակը թելեգրամյան անհայտ ալիքների դեմ պայքարելն է, ապա ըստ ընդդիմադիրների՝ այս փոփոխությունը դրան չի ծառայում, ֆեյքերի փոխարեն հերթական անգամ տուժում են լրատվամիջոցները»:

Ընդդիմադիրների համար զավեշտալի է, որ խոսքի ազատության դեմ պայքարում  են նախկին լրագրող պատգամավորները:
Լրագրողական համայնքի քննարկմանը մասնակից ներկայացուցիչներն էլ վրդովված են, որ իրենց վերաբերող օրենքները գործող իշխանությունն ընդունում է առանց լսումների, առանց իրենց կարծիքները հաշվի առնելու :

Նախագծին դրական եզրակացություն է տվել նաեւ Արդարադատության նախարարությունը: Այս կառույցի ներկայացուցիչը թեեւ տեղեկացրեց՝ նախարարի դիրքորոշումը չի փոխվել, բայց խոստացավ բոլոր քննադատությունները նրան փոխանցել: Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, եթե ընդունվի լիագումար նիստերի ժամանակ, «Հայաստան» խմբակցությունը չի բացառում հերթական՝ արդեն 9-րդ դիմումն ուղարկել Սահմանադրական դատարան՝ այժմ էլ վիճարկելով այս փոփոխությունը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։