կարևոր
436 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 20:38

Մոսկվայում լոքդաուն է հայտարարվել․ օրվա ուշագրավ միջազգային անցուդարձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրվա ուշագրավ միջազգային անցուդարձը։

  • Ադրբեջանն ազատ է արձակել ավելի քան մեկ ամիս առաջ Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանական բեռնատարների 2 վարորդին: Այդ երկրի Մաքսային պետական կոմիտեի հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանը, դրսեւորելով բարի կամք եւ ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության սկզբունքներից՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրան է վերադարձրել երկու քաղաքացուն: Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ իրանցի վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի  սահմանով մաքսանենգ ճանապարհով  ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաեւ առանց փաստաթղթերի՝ երկրի պետական սահմանն ապօրինի հատելու ու անցակետերը շրջանցելու համար:
  • Թեհրանում հանդիպել են Իրանի ու Թուրքիայի ներքին գործերի նախարարներ՝ Ահմադ Վահիդին ու Սուլեյման Սոյլուն: Իրանական «Իռնա»-ի փոխանցմամբ՝ համատեղ ասուլիսին իրանցի պաշտոնյան ասել է, որ 2 երկիրն էլ ուզում են զարգացնել հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում: Վահիդին նաեւ հայտնել է, որ ահաբեկչության, զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցերից բացի քննարկվել են ավելի ընդհանուր հարցեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի կործանարար դերը տարածաշրջանում ու բազմաթիվ խնդիրներ, որոնք նրանք ստեղծել են տարածաշրջանի երկրների համար: Խոսել են նաեւ Աֆղանստանի համար նրանց ստեղծած խնդիրներից եւ տարածաշրջանում ծրագրած դավադրություններից: Իսկ բանակցությունների ավարտին նախարարները ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրի սահմանամերձ շրջաններում բոլոր տեսակի ահաբեկչական ու հակաիրավական գործողությունների կանխարգելում:
  • Սիրիայի Հոմս նահանգում դրոններով հարձակում է եղել Ալ-Թանֆ ռազմաբազայի վրա, որը 2016թ.-ից ի վեր օգտագործվում է Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից: Տուժածների մասին տեղեկություններ չկան: ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է հարձակումը: Ամերիկացի անանուն պաշտոնյաները «Ռոյթերզ»-ին ասել են, որ դեռ վաղ է ասել՝ ով է կանգնած հարձակման հետեւում: Ամեն դեպքում, ամերիկյան ու արեւմտյան լրատվամիջոցները լուրը հաղորդելիս հատուկ շեշտում են, թե Իրանի աջակցությունը վայելող շիա զինյալները հաճախ են անօդաչուներով ու հրթիռներովհարձակվում Սիրիայում ու Իրաքում ամերիկյան զորքերի վրա:
  • Մոսկվայում լոքդաուն է հայտարարվել: COVID-19-ի տարածման պատճառով հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են սահմանվել: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով՝ այդ ժամանակահատվածում փակ կլինեն դպրոցներն ու մանկապարտեզները, ռեստորաններն ու սրճարանները: Արգելվում են բոլոր տեսակի զանգվածային, այդ թվում՝ սպորտային ու ժամանցային միջոցառումները: Թանգարաններն ու թատրոնները կարող են գործել՝ միայն QR կոդերով ու 50 տոկոս զբաղվածությամբ: Սոբյանինը ոչ աշխատանքային օրերը համեմատել է ջերմիջեցնող դեղամիջոցի հետ, որը չի բուժում, բայց շունչ է տալիս՝ ուժ հավաքելու համար:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման ընթացակարգը: Sputnik V-ի թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ պատվաստանյութերի նախաորակավորման գործընթացն ընթանում է ժամանակացույցին համապատասխան եւ մտնում է վերջին փուլ: ԱՀԿ տեսուչների խումբը շուտով կայցելի Ռուսաստան՝ բոլոր անհրաժեշտ ստուգումներն իրականացնելու ու փաստաթղթեր կազմելու համար: Ակնկալվում է, որ պատվաստանյութը կհաստատվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում: Հիշեցնեմ, որ մոտ մեկ ամիս առաջ ԱՀԿ-ը կասեցրել էր Sputnik V-ի հաստատումը՝ պնդելով, թե պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։