589 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 17:21

Հադրութում հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, դրա համար պետք էր ճիշտ վերլուծություն. Սեյրան Օհանյան

Հադրութում հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, դրա համար պետք էր ճիշտ վերլուծություն. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում է՝ Հայաստանը կարող էր այնպես անել, որ 44-օրյա պատերազմը չլիներ։ Նա այս մասին ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ:

«Այդ գնահատականը կարող են տալ ոչ թե հասարակական գործիչները, անհատներն ու պատգամավորները, այլ այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան տեղեկատվության։ Այն ստերը, որ այս կամ այն պաշտոնյան կամ զինվորականը ինչ-որ բաներ են արել, իրականությանը չեն համապատասխանում։ Միայն պետական և ռազմական կառավարման լծակներ ունեցող մարդիկ կարող են ղեկավարել այդ միջոցառումները»,- ասաց Օհանյանը։

Պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունները այս մեկ տարվա ընթացքում ունեցել են բոլոր գործիքակազմերը գնահատականներ տալու, կառավարությունը, նրան առընթեր անվտանգության խորհուրդը իր ողջ կազմով, ԱԺ-ն իր վերահսկողական ֆունկցիաներով և ուժային կառույցները պետք է ստեղծեին ներքին հանձնաժողովներ, որոնք գնահատական կտային։ Ըստ նրա՝ այն, ինչ իրենք ասում են պատերազմի և նրա հետևանքների մասին, իրականությանը չի համապատասխանում։

«Մեկ տարի է՝ խոսում են գերիների մասին, բայց մինչև հիմա չկա գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։ Մեկ ժամով հանդիպել գերիների հարազատների հետ, ոչինչ չի տալիս, աշխատանքները իրականացնում են հանձնաժողովները»,- ասաց նա:

Հարցին` եթե պատերազմի ժամանակ ինքը ունենար ղեկավար լծակներ, ի՞նչ ընթացք և ավարտ կարող էր ունենալ պատերազմը, Օհանյանը պատասխանեց.

«Մենք կարող էինք այնպես անել, որ այս պատերազմը չլինի, որովհետև ՀՀ իշխանությունները երկար տարիների ընթացքում ձեռք են բերել բանակցային մեծ ներուժ։ Եկավ իշխանություն, որը պետք է սկսեր ամեն ինչ զրոյից, իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսում է պատերազմը»։

Օհանյանի խոսքով՝ լեռնաանտառային հատվածներում՝ Հադրութի հատվածում, հնարավոր էր կանգնեցնել հակառակորդին, միայն պետք էր համապատասխան հետևություններ անել։

«Մենք, եթե կարողանայինք ժամանակին, նահանջի հետ մեկտեղ, պետության ամբողջ ներուժը, շինարարարական, ինժեներական ներուժը օգտագործեինք, եթե կարողանայինք կամք ունենալ՝ ստիպել մեր ենթականերին գոնե անհատական խրամատներ փորեին, զգալի մասով մեր զոհերի քանակն ավելի քիչ կլիներ, հաջողություններ կունենայինք», - ասաց Օհանյանը։