կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 16:15

Իշխանությունը կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմից մեկ տարի անց շարունակում ենք մնալ մեր վշտերի հետ: Մեկ տարվա ընթացքում մենք որոշակի հարցերի պատասխան ստացել ենք վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում: Բայց իրականում պետք է փաստենք, որ կա մեծ տեղեկատվություն, որին որևէ մեկը մինչև այսօր չի տիրապետում: «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ես մտավախություն ունեմ, որ իշխանությունը ամեն բան անում է, որպեսզի պատերազմի հետ առընչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվեն: Իշխանությունը ոչ միայն տեղեկատվական, քաղաքական առումով է դրա համար անհրաժեշտ դաշտ նախապատրաստել, այլ կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել, ուղղակի թույլ չտալ, որ խոսեն։ Եվ պետք է արձանագրենք, որ մեր փնտրած շատ հարցերի պատասխաններ մենք կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանում այս իշխանությունը ուղղակի չլինի: Այս իշխանության պայմաններում ճշմարտությունը ամբողջովին իմանալու հնարավորություն չունենք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է անհետ կորած մեր հայրենակիցներին, պատգամավորը նկատեց՝ այն գործիքները, որոնք այսօր կիրառվում են և այն մարդիկ, որոնք պատասխանատու են մեր հայրենակիցների ճակատագրի համար, չափազանց վատ են աշխատում, չեն գործադրում բոլոր հնարավորությունները։

«Այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված 8-րդ դրույթը, որը վերաբերում է գերիների, ռազմագերիների, անհետ կորածների հայրենադարձման հարցերին, ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող տարածքների՝ որևէ ժամանակային ամրագրում չուներ։ Այսինքն ՀՀ իշխանությունները պատրաստ էին ժամկետի մեջ հանձնել Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի շրջանները, բայց այդ հայտարարության մեջ մեզ համար որոշակի նպաստավորություն ներկայացնող 1-2 դրույթի հետ կապված որոշակիություն այդպես էլ չմտցվեց»,-եզրափակեց պատգամավորը։