կարևոր
388 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 14:15

Լրատվական դաշտն այն քիչ կայացած համակարգերից է, որն այժմ գործում է. Արեգնազ Մանուկյան

Լրատվական դաշտն այն քիչ կայացած համակարգերից է, որն այժմ գործում է. Արեգնազ Մանուկյան

2018թ-ի հայտնի գործընթացներից հետո քաղաքական դաշտը ոչնչացվել էր։ Մենք ստացել էինք մեկ դերասանի թատրոն հիշեցնող քաղաքական-պետական համակարգ, որը չուներ ընդդիմախոսներ, ինչը դեպի բռնապետություն ու ամբոխավարություն տանող ուղիղ ճանապարհն է։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Պատգամավորը նշեց, որ մամուլը դարձել է 2018թ-ից ձևավորված իշխանությունների ընդդիմախոսը և հանրային վերահսկողություն իրականացնող մարմինը, որը ստիպված էր զբաղվել քաղաքականությամբ։

«Ազատ խոսքը 2018թ-ի գարնանից սկսած վտանգվեց՝ սկզբում ամբոխի հարձակման ուժով, ապա նոր իշխանավորների գործողություններով, որոնք շարունակվում են մինչև հիմա։

Որոշ նախկին լրագրողներ, որոնք այսօր պաշտոնյաներ են դարձել, սկսել են մամուլի դեմ կռիվ տալ։ Եվ դրանք այն մարդիկ են, որոնք իրենց լրագրողական գործունեությունն իրականացրել են բամբասանքներ, սուտ ու կեղծիք տարածելով։ Հիմա այս մարդիկ ուզում են դառնալ մեդիադաշտը ապատեղեկատվությունից մաքրողներ»,-ասաց Մանուկյանը և հավելեց, որ իրական նպատակն այլ է՝ լռեցնել ոչ հաճո խոսքը, այն խոսքը, որը կբացահայտի գործող իշխանությունների կոռուպցիոն ռիսկերը, ցածրորակ կառավարումը, և մեր պետությունը կործանման առաջ կանգնեցնողների գործունեությունը։

«Մեդիադաշտից եկած իշխանություններն ամեն ինչ արել և անում են մեդիադաշտի դեմ՝ հարձակումներ գործելով ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմական շրջանում։

Պատերազմն այսպիսի ողբերգական արդյունքներ գրանցեց նաև արծրունական ստի ու կեղծիքի քարոզի միջոցով։ Հանրությանը մոլորեցնում էին, թե իբր հաղթում ենք, իսկ ճշմարտությունն ասողների բերանը փորձում էին փակել՝ կառավարության հակասահմանադրական որոշման հիման վրա աստղաբաշխական տուգանքներ կիրառելով։

Սա է կեղծ լոզունգներով իշխանության եկածների իրական դեմքը՝ կեղծել բոլոր ոլորտներում, ապականել եղածը, հարձակվել կայացած ոլորտների վրա, հաստատել բռնապետական կարգեր որտեղ որ հնարավոր է և ինչքան հնարավոր է։ Այլ հարց է՝ կհաջողվի՞ դա նրանց, թե՞ ոչ։ Դա արդեն յուրաքանչյուրիցս է կախված։ Մեր գիտակցված ու քաղաքացիական ընտրությունից»,-նշեց պատգամավորը։