կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 13:22

Նախագիծը տեղեկատվության ազատությանը սպառնացող մի նախաձեռնություն է, որը խոչընդոտում է ինֆորմացիայի հասանելիությանը. Լիլիթ Գալստյան

Նախագիծը տեղեկատվության ազատությանը սպառնացող մի նախաձեռնություն է, որը խոչընդոտում է ինֆորմացիայի հասանելիությանը. Լիլիթ Գալստյան

Մենք գործ ունենք օրենսդրական նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում և մեր գնահատմամբ՝ սա տեղեկատվության ազատությանը սպառնացող մի նախաձեռնություն է, որը էապես խոչընդոտում է ինֆորմացիայի հասանելիությանը և տեղեկատվության ազատության հետ կապված բավականին սահմանափակումներ է առաջացնում: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

«Նախագծի քննարկման ընթացքում հստակ դարձավ, որ մի նախագիծ, որը առնչվում է զանգվածային լրատվության հետ, ըստ էության, ոչ միայն չի քննարկվել զանգվածային լրատվության հիմնական շահառուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, գլխավոր խմբագրերի նաև մասնագիտական հանրույթի և փորձագետների կողմից և այսպես դրվել է շրջանառության: 

Նախագծի հեղինակներին մենք հորդորեցինք, և մեր զարմանքը հայտնեցինք, որ մի նախագիծ, որը ոլորտի հանրային քննարկման առարկա չի դարձել, և միգուցե Ազգային ժողովի օրակարգ մտնի համապատասխան քննարկումն անցնելուց հետո: Իհարկե նախաձեռնության հեղինակները ընդունեցին, որ այն մասնագիտական քննարկման և նաև լրագրողական հանրույթի կողմից քննարկման չի ներկայացվել, այնուամենայնիվ, դա նրանց չկասեցրեց նրանց՝ նախագիծը նիստերի օրակարգ մտցնելու խանդավառությունը, նախագիծն էլ արժանացավ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությանը»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

«Մեր նպատակն է լսել ոլորտը ներկայացնող մասնագետների տեսակետները և մոտեցումները, քանի որ նախագծի հիմնական շահառուները իրենք են»,- ասաց Գալստյանը։

Գալստյանը նշեց, որ հետաքրքիր դիպվածով այս նախագծի քննարկումը համընկել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԶԼՄ դաշտում իրականացվող ամենամսյա մրցանակաբաշխության հետ։

«Ինչպես գիտեք՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացնում է ամենամյա մրցանակաբաշխություն ԶԼՄ դաշտում, և «Տեղեկատվության ազատությանը սպառնացող հեղինակ, պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ կամ «Ժանգոտ կողպեք» մրցանակին արժանացել է Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական կարգավորումներ մշակելու և ընդունելու համար։ Սա, կարծում եմ, շատ բան է ասում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել։  Հանձնաժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության անդամներ Լիլիթ Գալստյանը և Էլինար Վարդանյանը տեղեկացրել են, որ այս թեմայով քննարկում են կազմակերպելու, հրավիրել են հեղինակներին։ Քննարկմանը, սակայն, նրանցից որևէ մեկը չի ներկայացել։

Նախագծի հեղինակները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանն են։