կարևոր
508 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 12:14

Վթարից տուժածների առողջական վիճակի մասին թարմացված տվյալներ

Վթարից տուժածների առողջական վիճակի մասին թարմացված տվյալներ

Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում է բուժումը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

8 մարդ բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն է տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից: «Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր:

Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նշենք, որ 2021թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է,  ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։