կարևոր
4786 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 11:28

Հստակ թվեր չունենք, թե քանի արցախցի է ուզում վերադառնալ Արցախ. Մետաքսե Հակոբյան

Հստակ թվեր չունենք, թե քանի արցախցի է ուզում վերադառնալ Արցախ. Մետաքսե Հակոբյան

Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների ճիշտ գնահատման կարիք է տեսնում: Այս մասին նա բարձրաձայնել է ՀՀ ազգային ժողովում Արցախից տեղահանված անձանց հարցով քննարկմանը:

Ըստ պատգամավորի՝ հենց սկզբից չի կատարվել այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական կարիքների գնահատում:

«Ծրագրերը եղել են անձին վերաբերող, և երբևէ կարիքներն ամբողջական չեն գնահատվել, ընտանիքի կարիքներին լուծում չի տրվել»,-ասաց Հակոբյանը:

Նա նկատեց՝ չկան հստակ թվեր, թե օրինակ բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ: Ըստ նրա՝ լուծումները տրվել են տարերայնորեն:

Պատգամավորը խնդրի լուծումը տեսնում է հետևյալ կերպ.

«Արագ տեմպերով ներգրավելով ՀՀ-ում օպերատիվ շտաբին՝ շատ արագ կատարել ընտանիքների կարիքների գնահատում և դրանք խմբավորել ըստ առաջնահերթության ու տալ լուծումներ»:

Ըստ Հակոբյանի՝ նույն խնդիրը կա նաև Արցախում:

«Պատերազմից հետո բնակչությանը Արցախում պահելու միակ գրավականը սոցիալական արդարությունն է, որ հիմա չունենք։ Արցախում մեկ տարի շարունակ ոչ հասցեական ծրագրերը բերեցին հսկայական գումարների վատնմանն ու շորթմանը։ Սոցապնախարարությունը խոսում էր հսկայական սոցիալական ծրագրերի մասին, արդյունքում բոլորս տեսանք, որ փող բաժանելուց զատ այլ ծրագրեր չիրականացան։

Օրինակ՝ մեք բոլորս գիտենք, որ աշխարհազորին մասնակցած 200 մարդ այդպես էլ չստացան 200-հազարական դրամները և որևէ պարզաբանում չտրվեց։ Ով շուտ հասցրեց՝ ստացավ։ Այս իշխանությունները փող բաժանելուց զատ այլ տարբերակ չեն գտնում»,- եզրափակեց Հակոբյանը։