կարևոր
1150 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-21 11:05

Կալանքից ազատված պատգամավոր Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին

Կալանքից ազատված պատգամավոր Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ, վերջերս կալանքից ազատված Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին: «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել։

«Երեկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արթուր Սարգսյանը։ Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից և ոչ մեկում չի հանդիպել մի իրավիճակ, երբ ընդդիմադիր երեք պատգամավոր առանց անձեռնմխելիության հաղթհարման հայտնվեն անազատության մեջ։ Կարևորելով այն, որ տևական ապօրինի կալանավորումից հետո Արթուր Սարգսյանն այլևս օբյեկտիվորեն կարող է իրացնել իր պատգամավորական մանդատը, մյուս կողմից պետք է ընդգծենք, որ ընդդիմադիր ևս երկու պատգամավոր՝ Արմեն Չարչյանը եւ Մխիթար Զաքարյանը, շարունակում են խայտառակ ապօրինի եղանակով մնալ անազատության մեջ։

Այս ամիսների ընթացքում մեր կողմից ձեռնարկվող գործողությունները եղել եւ լինելու են շարունակական և չենք կարող չարձանագրել, որ այս խայտառակ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային կառույցների լռության պայմաններում»։

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի դատարանը (Շենգավիթի նստավայր) դատավոր Մարինե Մելքոնյանի գլխավորությամբ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ, բայց բավարարել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ազատության մեջ է: