կարևոր
2275 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-20 22:35

Հայ ուսանողուհին հաղթել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Տեղի է ունեցել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադան (մրցել է 436 մասնակից՝ 13 երկրից)։

Օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է հաղթողների անունները:

  1. Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից: 

23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

        2․ Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:

        3․ Երրորդ մրցանակին արժանացել են.

  • Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
  • Անջելա Կոստիքը` Սերբիայից
  • Դեժան Գուտիկը` Բոսնիա-Հերցոգովինայից

Այս տարվա մրցույթն առանձնացել է մասնակից երկրների աշխարհագրության բազմազանությամբ՝ ներառելով ներկայացուցիչներ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անց է կացվել մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ: Առաջին փուլին մասնակցած 436 մասնակցից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մրցակիցներից 6-ը Հայաստանից են, իսկ 15-ը՝ մյուս երկրներից:

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», -նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ 

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ.-ին։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: