Հոկտեմբերի 17-ին՝ պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան երրորդ տարելիցի հոգեհանգստյան արարողությանը, Շիշլիի Ազգային գերեզմանատանն էին հավաքվել վարպետի ընտանիքի անդամները, մտերիմները, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներն ու Գյուլերի արվեստի ինչպես հայ, այնպես էլ այլազգի երկրպագուները։
Պոլսո Հայոց պատրիարք արք․ Սահակ Մաշալյանը ներկաներին ուղղված իր ելույթում անդրադարձավ Արա Գյուլերի՝ «Ստամբուլի աչքի» թողած մնայուն հետքին՝ նշելով, որ նա իր իննսունամյա կյանքը պսակեց հաջող գործունեությամբ՝ արժանանալով մեծ գնահատանքի թե՛ Թուրքիայում և թե՛ արտասահմանում, ինչը նաև մեծ պատիվ է հայ համայնքի համար։
Գերեզմանատանը տեսադաշտից չեն վրիպում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի անուններով ծաղկեպսակները, որոնք վկայում են Թուրքիայում Գյուլերի համբավի ու հեղինակության մասին։
Նա նկարել է Պաբլո Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Ինդիրա Գանդիին, Ալֆրեդ Հիչքոքին, Մայր Թերեզային, Արամ Խաչատրյանին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին։ Նրա թողած հսկայական ժառանգության կողքին առանձնանում են ստամբուլյան պատկերները, որոնք վարպետի լուսանկարչության գոհարն են և մինչ օրս ցուցադրվում են աշխարհի չորս կողմում՝ լավագույնս ներկայացնելով Ստամբուլի իրական պատկերը։ Եվ պատահական չէ, որ նրան անվանում են «Ստամբուլի աչք», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան»։
Պոլսահայ գործարար, Գյուլերի մտերիմ ընկեր Տայք Միրիջանյանը ակնածանքով է հիշում իր և վարպետի անցած ուղին․
«Արա Գյուլերի հետ վաղուց էինք ծանոթ, սակայն վերջին տասը տարիներին ավելի մտերմացանք։ Այդ մտերմության սկիզբը դրվեց Ստամբուլի՝ ինձ պատկանող «Ճաշ» ռեստորանում, որտեղ հաճախ էր այցելում նա։ Նա տեսակով տարբեր էր, մարդկանց հետ շփման հարցում սահմաններ էր պահում, սակայն մեր բարեկամությունը այդ սահմաններից դուրս էր՝ մշակութային անցուդարձից՝ մինչև կյանք կարող էինք միմյանց հետ կիսվել։ Նա ինձ լավ հասկացավ. ես նրան հետ ճամփա դուրս չեկա որևէ սպասելիքով․ մենք պարզապես միասին էինք կյանքի ճանապարհին։
2013 թվականին վարպետի հետ եկանք Հայաստան ինչպես ճամփորդելու, այնպես էլ իրականություն դարձնելու նրա վաղեմի երազանքը՝ լուսանկարների ցուցահանդեսը հայրենիքում։ Այն ժամանակ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի կարգադրությամբ Ազգային պատկերասրահում կազմակերպվեց Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսը, որից հետո Հայաստանին նվիրեցինք Գյուլեր ստորագրությամբ 160 լուսանկարի բնօրինակներ: Իսկ նախագահն ու վարչապետը խոստացել էին, որ Հայաստանում կբացեն Գյուլերի թանգարանը, որն այդպես էլ իրականություն չդարձավ և խորապես տխրեցրեց լուսանկարչին»։