ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում այսօր իր աշխատանքն է շարունակում «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին:
Գիտաժողովի ընթացքում իր խոսքն ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, հայագետ-պատմաբան Լևոն Մկրտչյանը:
«Մենք 1920-1921 թթ. հետ համեմատած հիմա մեծ առավելություն ունենք. ավելի կայացած պետականություն, որն ավելի ինստիտուցիոնալ եւ ճանաչված է ՄԱԿ-ում, երկրորդ՝ ունենք կազմակերպված սփյուռք: Եվ չնայած մեր հարաբերությունների այս պահի վայրիվերումներին` այս երկու հզոր ազդակները հնարավորություն են տալիս ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում ոչ թե Հայաստանը 1920-1921 թվականների նման օբյեկտ դարձնել, այլ ավելի ակտիվություն, սուբյեկտայնություն հաղորդել: Ամենամեծ խնդիրները, մեր կարծիքով, այն են, 19-րդ դարի վերջից սկսված գործընթացները առայսօր ավարտված չեն, եւ մենք այդ գործընթացները չենք կարողանում գնահատել որպես փակ համակարգ՝ պատմական գնահատականի տեսակետով: Քաղաքական տեկտոնական դաշտերը տարածաշրջանում ուժեղ աշխատում են, եւ մենք չգիտենք, թե այս գործընթացը ուր է տանելու: Ու այս իմաստով ամեն ինչ շատ անկանխատեսելի է»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:
Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի նման փոքր երկրներում առկա են ազգային անվտանգության հարցերի սրված ընկալում, օտար գաղտնի ծառայությունների ավելի բազմաբնույթ եւ ակտիվ աշխատանք, արտաքին ազդեցությունների ազդեցության ենթարկվածության ավելի մեծ աստիճան, քաղաքական, տնտեսական դաշտերի առավել անկայունություն, ինչը հասարակության մեջ առաջացնում է անկումային տրամադրություններ, առաջանում են ներքաղաքական գործոններ, որոնք հաշվի չառնելու պարագայում ուղղակի կարող են սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար:
Նա անդրադարձ կատարեց տարածաշրջանում դեռեւս 1890-ական թվականներից սկսված նոր ժողովուրդների ձեւավորման գործընթացներին, որոնք շարունակվում են ագրեսիվ, ուժային դրսեւորումներով: Եվ անատոլիական թրքության օրինակով ցույց տվեց, որ Հարավային Կովկասում հընթացս հորինվում են չակերտավոր «պատմական հիմքեր», որ փորձ է կատարվում բնիկ ժողովուրդներից յուրացրած տարածքների, մշակութային, սովորույթային ժառանգության թալանի միջոցով կառուցելու «հայրենիք» եւ անհանդուրժողական ծայրահեղ ազգայնամոլ գաղափարախոսություն որդեգրած պետականություն: Ըստ էության, հիմա Ադրբեջանում տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ իրականացվեց Թուրքիայում 1890-ական թվականներից մինչեւ Քեմալի ժամանակաշրջան: Եվ նրանց պետականությունը ձեւավորվեց այլ ազգերի մշակութային, քաղաքակրթական ժառանգությունների, հայրենիքների յուրացման ճանապարհով»,- ասաց բանախոսը: