կարևոր
433 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 12:33

Հունվարի 1-ից հնարավոր է, որ ջրի սակագինը բարձրանա

Հունվարի 1-ից հնարավոր է, որ ջրի սակագինը բարձրանա

«Վեոլիա» ընկերությունն առաջարկել է 43 դրամով բարձրացնել ջրի սակագինը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ ջրի սակագնի հնարավոր փոփոխությունը նախատեսվում է հունվարի 1-ից։

Նրա փոխանցմամբ՝ Ջրային կոմիտեի հետ ներկայումս քննարկում են «Վեոլիա» ընկերության հետ երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ ՀԾԿՀ նախագահը մանրամասնեց՝ նախատեսում են վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անել, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն։

«Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը 10 տարվա ընթացքում կայուն կմնա։ Երբ ասում եմ կայուն, չի նշանակում հենց այդ թիվն է մնալու։ Հնարավոր է 1-2 դրամի տատանում լինի։ Ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ որոշակի կայունություն ունենանք»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։

ՀԾԿՀ-ն առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը նույնը թողնել, իսկ մյուս սպառողների համար սակագինը 20 դրամով բարձրացնել։

Գարեգին Բաղրամյանը ասաց, որ էլեկտրաէներգիայի և գազի համար սոցիալապես անապահով սպառողների խումբ ունեն, որում շուրջ 100 հազար բաժանորդ է։ Այժմ առաջարկում են նման խումբ առանձնացնել նաև ջրի ծառայություններից օգտվողների համար։

Այսինքն սոցիալապես անապահով սպառողների համար առաջարկում ենք գինն ընդհանրապես չփոխել, իսկ մնացած սպառողների համար առաջարկում ենք այլևս բյուջեից վարձակալության վճարներով գնի զսպում չիրականացնել։ Ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ:

Հարցին՝ ինչո՞ւ ավելի վաղ չէր քննարկվում այդ տարբերակը՝ հաշվի առնելով, որ «Վեոլիա» ընկերությունից սպառողը դժգոհ է, Գարեգին Բաղրամյանը նկատեց, որ դժգոհությունն արտահայտվում է այլ իրավակարգավորումով։

«Ունենք վարձակալության պայմանագիր, որտեղ համապատասխան չափորոշիչներ ու ցուցանիշներ կան, որոնք «Վեոլիա»-ն պետք է ապահովի, իսկ դրանք չապահովելու դեպքում կան պատժամիջոցներ»,-նշեց Գարեգին Բաղրամյանը։