կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-20 16:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում նաև տեղամասային հանձնաժողովների անդամները,  յուրաքանչյուր կուսակցությունից մեկական  վստահված անձ, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ և տեղական դիտորդներ:

Վերահաշվարկի արդյունքում․

Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկները ավելացել են 1-ով։

Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։

Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։

Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվնել մինչև հոկտեմբերի 19-ը` ժամը 11.00-ն: 

Սահմանված ժամկետում  ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել  թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ ք.Գորիս): Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել Տաթև համայնքի 34/20, 34/21, 34/22, 34/23, 34/24, 34/25 և Գորիս համայնքի թիվ 34/12 տեղամասում:

Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել նաև սեփական նախաձեռնությամբ իրականացնել վերահաշվարկ Տաթև համայնքի 34/19 տեղամասում և Տեղ համայնքի 34/27 տեղամասում:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: