կարևոր
2392 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-20 09:54

Ավտովթար Արագածոտնի մարզում. մարդատար «Գազել»-ը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր

Ավտովթար Արագածոտնի մարզում. մարդատար «Գազել»-ը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական, իսկ ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, նաև մարզի դատախազը բազմաթիվ անգամ դիմել են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի նշված հատվածը կահավորեն անհրաժեշտ ցուցանակներով, մինչդեռ ամեն անգամ խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն սայլը տեղից չի շարժվում։