կարևոր
466 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 15:41

Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել:

«Ակնհայտ է, որ ի թիվս մի շարք հանգամանքների, այսպիսի գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից՝ շահագրգիռ հայտնի այլ անձանց համար ոլորտում ճանապարհ հարթելու համար։ Սակայն վերջին մեկ տարվա վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ անգամ անհավասար պայմաններում հայտնված «մրցակիցները» տապալել են ամեն ինչ։ Ուստի կարծում եմ, որ հենց այս հանգամանքը պետք է առաջին հերթին հետաքրքրեր ԱԱԾ-ին և այլ պատասխանատու կառույցներին, քանի որ նշվածը ուղղակի սպառնալիք է ՀՀ ԶՈւ մարտունակությանը և երկրի անվտանգությանը։

Միաժամանակ, ցանկանում եմ հստակ նշել, որ չնայած տևական ժամանակ իմ և իմ կողմից ղեկավարվող ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինություններին, որոնք բացասաբար են անդրադառնում ինչպես մատակարարման գործընթացների, այնպես էլ՝ գործընկեր պետությունների և կազմակերպությունների մոտ մեր նկատմամբ առկա տարիների աշխատանքով ձեռք բերված բարձր վստահության և բարի համբավի վրա, մեր թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի անգամ ստեղծված պայմաններում պատշաճ կարգով իրականացնի մատակարարման իր բոլոր պարտավորությունները։

Ինչպես նախկինում իմ նկատմամբ հարուցված քրեական գործը՝ այսպես ասած 1977 թվականների արտադրության «անորակ» կրակոցների (սնարյադների) մատակարարման, այնպես էլ այս գործը համարում եմ կեղծ և շինծու: ԱԱԾ-ն նախորդ գործով ինձ շուրջ չորս ամիս ապօրինի պահելով անազատության մեջ, գործի հարուցումից մոտ մեկ տարի անց՝ իմ փաստաբանական թիմի ջանքերով ի վերջո իրականացնելով իբր «ժամկետանց» և «անորակ» կրակոցների իրական փորձարկում, համոզվեց, որ դրանք որակական որևէ խնդիր չեն ունեցել և լիովին համապատասխանել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և կատարել են մարտական խնդիր։

Չնայած նշված գործով ստացված արդյունքին, այս գործով նույնպես նախաքննական մարմինը՝ Գլխավոր դատախազության հովանու ներքո, շարունակելով արատավոր գործելակերպը՝ առանց որևէ փորձաքննության և փաստացի փորձարկման, կրկին ինձ և մի շարք նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներին ապօրինի կալանավորեց և ներկայումս ցուցաբերելով բացարձակ անգործություն, չի ձեռնարկում գործուն քայլեր փորձարկման գործընթացը սկսելու համար։

Նախաքննական մարմնի գործողությունների ոչ օբյեկտիվ և անտրամաբանական լինելու փաստն արձանագրելու համար պետք չէ իրավաբան լինել կամ այլ հատուկ գիտելիքներ ունենալ, քանի որ դեռևս հուլիս ամսից նշանակված փորձաքննությունը չկատարելով և չփորձարկելով խնդրո առարկա հրթիռները, գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն, արդեն հայտնի գործելաոճով՝ կալանավորելով մեր պետության անվտանգության ապահովման գործընթացում ուղղակիորեն ներգրավված մի շարք անձանց, նրանց նկատմամբ գործադրելով ճնշումներ և մեղադրելով իբր անսարք և ոչ պիտանի հրթիռներ մատակարարելու և ձեռք բերելու մեջ, պարզապես փորձում են հասարակությանը մոլորեցնել։

Ընդ որում, նշված գործընթացը համեմվում է ինչպես նախաքննական մարմնի կողմից, այնպես էլ՝ դատավարության հետ կապ չունեցող քաղաքական կյանքում ներգրավված անձանց հրապարակային հայտարարություններով»,- նշված է հայտարարությունում։

Նշենք, որ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել: Պաշտպանները վիճարկել են թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: