կարևոր
553 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 14:52

ՀՅԴ մամուլի խորհրդաժողովի հաղորդագրությունը

ՀՅԴ մամուլի խորհրդաժողովի հաղորդագրությունը

2021-թ. հոկտեմբերի 17-18-ին, Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ մամուլի խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը եւ անդամները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ մամլոյ դիվանն ու հանրային կապերի և քարոզչական գրասենյակի աշխատակիցները, ՀՅԴ աշխարհատարած կառույցի մամուլի խմբագիրները և շրջանների հանրային կապերի պատասխանատուները, սոցիալական ցանցերի մասնագետները։

Քանի որ խորհրդաժողովը տեղի էր ունենում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, իբրև համահայկական հրատապ օրակարգ, պատերազմի ընթացքում հայկական տեղեկատվության գործունեության արժևորումը և արձանագրված բացթողումները դարձան համապատասխան քննարկման առարկա։

Խորհրդաժողովի օրակարգին մաս էին կազմում ՀՅԴ մամլո դիվանի կազմած ռազմավարության և մարտավարության նախագծի քննարկումը, ազգային-պետական արժեքների և գաղափարների քարոզչությունը և առկա խնդիրներն ու մարտահրավերները, Դաշնակցության քարոզչության ընդհանուր ուղղությունները, ՀՅԴ մամուլի բովանդակության և տեխնիկական հիմնախնդիրները ինչպես նաև ՀՅԴ մամուլի աշխատանքներու համադրումը:

Խորհրդաժողովը հաստատեց.

  1. Դաշնակցության մամուլը շարունակելու է ազգային ազատագրական պայքարի և սոցիալիստական գաղափարախոսության հունավորման և ժողովրդականացման իր կենսական առաքելությունը:
  2. Արցախի ներկա կացությունը, դիմագրաված մարտահրավերները Դաշնակցության մամուլը շարունակում է պահել իր ուշադրության կենտրոնում, հետամուտ լինելով ներազգային ու միջազգային հարթակներում համապատասխան արձագանքի:
  3. Դաշնակցության մամուլը պետք է մնա ջատագովը ազգային արժեքների և ազգային միասնականության: Հայաստանին ու հայությանը սպառնացող բոլոր վտանգները մնում են համահայկական օրակարգում, առ այդ պետք է մղել Հայաստանի իշխանություններին վեր բարձրանալու ազգը պառակտող վարքագծից: Հայության միասնականության հարցը անսակարկելի անհրաժեշտություն է:
  4. Դաշնակցության մամուլը լայն զանգվածներին առավել հասանելի դարձնելու համար, հարկ է հավելյալ զարկ տալ արդի արհեստագիտական հաղորդակցական միջոցներին և սոցիալական ցանցերին։
  5. Դաշնակցության մամուլում քաջալերել դաշնակցության քաղաքական մտքի զարգացումը և կառուցողական բանավեճը, նախանձախնդիր մոտեցում ցուցաբերելով դաշնակցական կեցվածքի օրինակելի դրսևորման հարցում, շարունակելով հեռու մնալ մի շարք լրատվամիջոցներում և, ընդհանրապես, սոցիալական ցանցերում տեղ գտած անպատշաճ արտայայտություններից և հակազդեցություններից։
  6. Նկատի ունենալով պատերազմի ընթացքում հայկական լրատվադաշտի դրսևորած անհամարժեք ու անկազմակերպ վիճակը, ժողովը անհրաժեշտ համարեց մշակել ճգնաժամային իրավիճակին համարժեք քարոզչական մեխանիզմ։ Ժողովը հաստատեց, որ տեղեկատվական պատերազմը ավարտված չէ և հայությունը պետք է ծավալի կազմակերպված աշխատանք և միջազգային տեղեկատվական դաշտում ունենա գործուն ներկայություն։
  7. Մամուլի բնագավառում մարդուժի պատրաստությունը և երիտասարդ սերնդի ներգրավումը հարկ է պահել ուշադրության առանցքում։ Այս շրջանակում շեշտը դրվեց նաև արդի արհեստագիտական հնարավորությունների օգտագործման համար քարոզչական համակարգը հավելյալ մասնագետ անձնակազմով օժտելու անհրաժեշտության վրա։

Խորհրդաժողովը հաստատեց.

ա. ելնելով հայության ու Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից, Դաշնակցության մամուլը վճռականորեն պիտի հետապնդի Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, ինչպես նաև Հայաստանի պետականության, ինքնիշախնության և անվտանգության սպառնացող վտանգների հաղթահարման քարոզչական իր առաքելությունը:
բ. Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես Մերձավոր Արևելքի դիմագրաված ներկա տագնապը մնում են Դաշնակցության մամուլի մշտական ուշադրության ներքո: