կարևոր
478 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 14:32

Կարսի պայմանագրի դիվանագիտական խարդավանքները կրկնվեցին նաեւ 2020 թվականին. Աշոտ Մելքոնյան

Կարսի պայմանագրի դիվանագիտական խարդավանքները կրկնվեցին նաեւ 2020 թվականին. Աշոտ Մելքոնյան

Պայմանագիրը պարտադրված էր, իսկ միջազգային օրենքը, եթե պարտադրված տարբերակով է կնքվում, բնականաբար եւս կարող է համարվել ոչ օրինական: Այս մասին Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։  

Պատմաբանը զուգահեռներ անցկացնելով պատմական երկու ժամանակաշրջանների միջև՝ շեշտել է, որ այն դիվանագիտական խարդավանքները, որոնք տեղի են ունեցել 1921 թ. Կարսի պայմանագրից առաջ, տեղի են ունեցել նաեւ 2020 թվականին:

«Այսօր դեռ ամեն ինչ չէ, որ գիտենք, բայց մոտավորապես կռահում ենք, թե ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված այդ չատրաբաստիկ պատերազմը ունեցավ այդպիսի վախճան: Գոնե հարյուր տարի անց մենք պետք է պատմությունից դասեր քաղենք եւ մեր սխալները այլեւս չկրկնենք: Այդ իմաստով ողջունում եմ գիտական հանրույթի այս գիտաժողովը, որը գործնական առումով կունենա իր նշանակությունը»,-ասել է նա:

Մելքոնյանի խոսքով՝ երբ ծանոթանում ես Կարսի պայմանագրի նախնական տեքստին, տեսնում ես, թե ինչ մանրակրկիտ ձեւով էր Թուրքական կողմը մշակել այդ փաստաթուղթը՝ տեղ չթողնելով հետագայում այն փոփոխելու համար: Փաստաթղթով, օրինակ, կողմերը հրաժարվում են բոլոր այն պայմանագրերից, որոնք մյուս կողմի շահերն են շոշափում:

«Բնականաբար, եթե Հայաստանը որեւէ մեկի հետ այնպիսի պայմանագիր է կնքել, որտեղ շոշափվում է Թուրքիայի շահերը, դրանք չեղյալ են համարվում, փակագծում գրված է՝ բացառությամբ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի: Երբ հետեւում ես Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի պայմանագրերին, թուրքերը անպայմանորեն կետ են մտցնում այն մասին, որ կողմերը պարտավորվում են բացառել մյուս կողմում որեւէ թշնամական գործողություն իրենց հանդեպ: Այս դեպքում ասվում էր, որ Թուրքիային թշնամի որեւէ քաղաքական ուժ մեկ այլ երկրում գործելու իրավունք չուներ»,-շեշտել է Մելքոնյանը:

Կարսի պայմանագրում սահմանի հարցը չորորդ կետում էր սահմանվում, որտեղ, ըստ Մելքոնյանի, մի շատ հետաքրքրական դրված կա՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հավելվածներում սահմանը նկարագրվում է որոշ տարբերություններով:

«Խոսքը վերաբերում է Արարատ կամ Արազդայան կայանին, որը Մոսկվայի պայմանագրով մնում է Ադրբեջանի հսկողության տակ, քանի որ այնտեղ թուքրական զորքեր են կանգնած: Այստեղ գոնե հայկական կողմը կարողացել է փակագծում ավելացնել մի նախադասություն, ըստ որի՝ Արարատ կայարանը անցնում է Խորհրդային Հայաստանի հսկողության ներքո: Անիի ավերակների մասին հայկական կողմը հարց բարձրացնելիս՝ հույս է տածում, որ թերակղզու հատվածով սահմանը ոչ թե կանցնի Ախուրյանի հատվածով, այլ ձորերով, եւ որպես մշակութային մայրաքաղաք՝ Անին կանցնի Հայաստանին: Դարձյալ մենք տեսնում ենք Կարաբեքիրի կողմից շողոքորթ մի ելույթ, որտեղ նա հայտարարում է, որ եղբայրական հայ ժողովրդին իր պատմական մայրաքաղաքը զիջելու խնդիրը խնդիր չէ, պարզապես ինքը լիազորված չէ Մոսկվայի պայնագրից որեւէ բան փոխելու: Ի վերջո, պատասխան է գալիս, որ Մոսկվայի պայմանագիրը արգելում է որեւէ փոփոխություն»,-մանրամասնել է պատմաբանը:

Պատմաբանի խոսքով՝ սահմանային որեւէ փոփոխություն տեղի չի ունենում, հայկական կողմը որպես հաղթանակ կարող էր տոնել այն, որ գերիները պետք է վերադարձվեին, եւ հետո, փաստաթղթերի փոխանակումը, վավերացումից հետո պետք է տեղի ունենար Երեւանում, այսինքն՝ Երեւանին հիշում են այն ժամանակ, երբ արդեն պայմանագիրը կնքելուց հետո որեւէ բան փոխել հնարավոր չէր:

Ակադեմիկոսն ընդգծել է՝ ոչ մեկի համար էր գաղտնիք չէ, որ, ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի պայմանագիրն անօրինական էր, որովհետեւ եւ´ առաջին, եւ´ երկրորդ դեպքում միջազգային իրավունքի սուբյեկտ չէին կնքող կողմերը՝ ոչ´ Խորհրդային Ռուսաստանը, ոչ´ Թուրքիան, ոչ´ էլ Անդրկովկասի երեք հանրապետությունները:

«Պայմանագիրը պարտադրված էր, իսկ միջազգային օրենքը, եթե պարտադրված տարբերակով է կնքվում, բնականաբար եւս կարող է համարվել ոչ օրինական: Արդյո՞ք այն առաջարկությունները, որ մեզանում միշտ հնչում են՝ պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ այսօր անհրաժեշտություն է: Ես կարծում եմ, որ ոչ, չեղյալ հայտարարելը կարող է հայերին ծիծաղելի վիճակի մեջ դնել՝ այն իմաստով, որ, ի վերջո, եթե մենք չեղյալ ենք հայտարարում այդ պայմանագիրը, ապա ի՞նչ ենք դրա փոխարեն առաջադրում: Արդյո՞ք մեր պետությունն այսօր Սեւրի մասին կարող է խոսել, կամ դրա մասին խոսելու  համարձակություն ունի, ես կարծում եմ, որ ոչ»,- ընդգծել է Մելքոնյանը: