կարևոր
463 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 13:36

Մենք հիմա Սյունիքում ունե՞նք պետական սահման. Աննա Գրիգորյանի հարցը մնաց անպատասխան

Մենք հիմա Սյունիքում ունե՞նք պետական սահման. Աննա Գրիգորյանի հարցը մնաց անպատասխան

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ՀՀ պաշտպանության փոխնախարարին ուղղված հարցը՝ Սյունիքում ունե՞նք պետական սահման, մնաց անպատասխան: Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց, որ փոխնախարարը պատասխանի՝ պատճառաբանելով, թե հիմա ելույթներ ունենալու ժամանակն է։

«Երբ ձեզ հարց ենք տալիս սահմանային իրավիճակի մասին, դուք փոխանակ բովանդակային պատասխան տաք քաղաքական գործչին, նրա հարցերին որակավորումներ եք տալիս»,-նշեց Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանը շեշտեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով բազմաթիվ հարցումներ է ուղարկել ՊՆ, սակայն դրանցից որևէ մեկին նախարարությունը հստակ պատասխան չի տվել՝ մեկնաբանելով, թե հարցը իրենց լիազորություններից դուրս է:

«Կապան-Գորիս ճանապարհի հետ կապված ՊՆ-ին հարցում էի ուղարկել, որպեսզի հասկանանք՝ մեր հայրենակիցներն անվտանգային ի՞նչ երաշխիքներ ունեն այդ ճանապարհով երթևեկելիս։ Նախարարությունն ասում է՝ մենք դրա հետ կապված ոչինչ չունենք ասելու, մեր լիազորություններից դուրս է դա։ Երբ հարց եմ ուղղում, ինչպե՞ս է ստացվել, որ մեր զորքը հետ է քաշվել, ասում են՝ պատասխանը մեր լիազորություններից դուրս է՝ բա լավ, ի՞նչ հարցի կարող եք պատասխանել։ Կա՞ մի հարց՝ մեր երկրին և մեր քաղաքացիներին առնչվող, որ մենք հարցադրում անենք և դրա պատասխանը հնչեցվի»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Նա հարց ուղղեց ՊՆ փոխնախարարին և հստակ պատասխան պահանջեց.

«Մենք հիմա Սյունիքում ունե՞նք պետական սահման»:

Հարցը մնաց անպատասխան, փոխարենը Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հիմա հարցուպատասխանի փուլ չէ, այլ՝ ելույթների: