ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձավ այն հարցին, որ մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձել է երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք եղող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում՝ ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ԳՇ-ի և ԱԳՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն ԱԺ ղեկավարությունը անգործություն է դրսևորել, և մինչև հիմա խորհրդարանում որևէ քննարկում այս թեմայով չի եղել:
Խոսելով պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունից՝ Գեղամ Մանուկյանը նշեց, որ այդ հարցը մնում է թնջուկային՝ տեղափոխվելով նիստից նիստ:
«Ընդդիմության շարքերում բոլոր պատգամավորներն էլ կարող են լինել թեկնածու, տվյալ դեպքում ընդդիմության նախընտրած թեկնածուն Արթուր Ղազինյանն է»,-շեշտեց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը, նկատելով, որ իշխող քաղաքական ուժը հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը տապալելով խոչընդոտում է օրվա նիստի օրակարգի մյուս հարցերի քննարկումը, հայտնեց, որ շատ կարևոր հարցեր կան օրակարգում՝ զինծառայողի կարգավիճակի և պետական սահմանի նախագծերի վերաբերյալ:
«Ժամանակն է այս էջը փակել, կարծում եմ, իշխող խմբակցության պատգամավորները կարող են պարբերաբար տարբեր պատճառաբանություններ բերել, բայց մի հարց հստակ է՝ իշխող խմբակցությունը չի կարող «Հայաստան» խմբակցության փոխարեն որոշում կայացնել, չի կարող պարտադրել իր որոշումը:
Ընդդիմությունը երկու անգամ ձեռնարկեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը հանձնաժողովի նախագահի տարբեր արհեստական պատճառաբանություններով կրկին չեղավ»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միացել են և Սահմանադրական իրավունքով նախաձեռնել ԱԺ-ի հատուկ նիստի գումարում:
«ՀՀ քաղաքացին պետք է իմանա՝ ինչպիսին է իր երկրի վիճակը, իր երկրի սահմանների պաշտպանվածությունը, որպեսզի պատգամավորների ահազանգերին արձագանք տրվի, որպեսզի, ինչպես երեկ եղավ, ԱԱԾ-ն խուճուճ ձևակերպումներով մոլորության մեջ չգցի ՀՀ քաղաքացուն, որպեսզի զինվորի ծնողն իմանա՝ ինչ վիճակում է ծառայում իր որդին»,-ասաց Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց Գեղամ Մանուկյանին, սակայն վերջինս հայտարարեց, որ Քոչարյանը չի կարող իրեն ընդհատել:
Քոչարյանը բարձր տոնով պնդեց, որ ընդհատելու է, քանի որ նա շեղվել է օրակարգից:
«Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք ինձ հետ խոսելու ժամանակ»,-արձագանքեց Գեղամ Մանուկյանը:
Քոչարյանն էլ հայտարարեց, թե չի հասկանում ինչ վիճակ է տիրում նիստում:
«Երբ ես խոսում եմ ձեր ձայնը չբարձրացնեք»,-կրկնեց Գեղամ Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահն էլ պնդեց, որ կարող է ձայնը բարձրացնել, եթե շեղվում են օրակարգից:
Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերում չի կարող ձայնը բարձրացնել: