կարևոր
511 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 10:58

Ադրբեջանի հայցը դուրս է ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի պահանջներից և ամբողջապես կազմված է կեղծ հիմնավորումներից. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի հայցը դուրս է ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի պահանջներից և ամբողջապես կազմված է կեղծ հիմնավորումներից. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցիչն առաջինը հակադարձել է ադրբեջանական հայտարարություններին: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հայցը դուրս է ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի պահանջներից և ամբողջապես կազմված է կեղծ հիմնավորումներից՝ զոհի տապավորություն ստեղծելու համար:

«Ամեն անգամ, երբ Հայաստանն ահազանգում էր ատելության խոսքի, մշակութային ժառանգության ոչնչացման մասին և ներկայացնում հայցեր, Ադրբեջանն անմիջապես հակադարձում էր՝ նույնանման հայցով: Ադրբեջանը հայցի մեջ նշել է Խոջալուի դեպքերի մասին՝ շինծու մեղադրանքներով: Ես կարող եմ խոսել Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի կոտորածների մասին, սակայն դեռևս դրա ժամանակը չի եկել»,-նշել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է նաև ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին, հիշեցրել, որ հենց Ադրբեջանն է 90-ականներին հարյուր հազարավոր ականներ տեղադրել բազմաթիվ տարածքներում, և տասնամյակներ շարունակ մերժել ականազերծման աշխատանքն ավարտին հասցնելու՝ հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությունները:

«Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու նաև ականապատ տարածքների հարցերը: Հայաստանն արդեն Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների քարտեզներ: Մարդասիրական հարցերը կարգավորելու շրջանակում մենք ևս մեկ անգամ պատրաստակամություն ենք հայտնում տրամադրելու այն տարածքների ականապատման քարտեզները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Զինուժի թիկունքում: Հայաստանը նման առաջարկ արել է՝ չնայած չկա որևէ իրավական պարտավորություն: Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ այնտեղ տեղակայելով իր զինծառայողներին»,- Հաագայի դատարանում հայտարարել է Կիրակոսյանը:

Արդարադատոթյան միջազգային դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցչը հայտարարել է՝ Հայաստանը չի խրախուսում որևէ պաշտոնյայի կողմից ռասայական խտրականություն պարունակող հայտարարությունները և լրջորեն է վերաբերվում Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին: