Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ՏԻՄ ընտրություններում Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ:
«Սրտանց և մեծագույն հպարտությամբ շնորհավորում եմ ընկերոջս՝ Առուշ Առուշանյանին, հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությամբ տարած հաղթանակի առթիվ: Այս հաղթանակը ապացուցեց, որ ամեն ինչ դեռ առջևում է: Չնայած բազմաթիվ ճնշումների և անօրինությունների, գորիսեցին կարողացավ վեր դասել պետական շահն ու, հետևելով Առուշի կոչին, եղավ միասնական ու համախմբված:
Սիրելի՛ գորիսեցիներ, առաջին հերթին պետք է ձեզ շնորհավորել, քանի որ Գորիսն, իսկապես, արժանի է, ինչպես անցնող 4 տարիներին, այնպես էլ առաջիկայում զարգանա, լինի պաշտպանված և առաջընթաց ապրի: Ցավոք մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, ուստի հատկապես սահմանամերձ համայնքներում մեզ պետք են հենց Առուշ Առուշանյանի նման հայրենասեր, ազգային ու պետական շահը վեր դասող ղեկավարներ: Շնորհավորում եմ Առուշի թիմակից ու գաղափարակից ընկերներին, մաղթում արդարության շուտափույթ վերականգնում և անհապաղ ազատություն: Առուշն ապացուցեց, որ անազատությունը խոչընդոտ չէ հայրենիքի ու ժողովրդի թիկունքին կանգնելու, պաշտպանելու և հաղթելու համար: Դեռ միասին շատ հաղթանակներ ենք նշելու, կրկին շնորհավոր, եղբայրս»: