1. Հայաստանը ներկրել է չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 200 հազար դեղաչափ: Այն առաջիկայում հասանելի կլինի բուժհաստատություններում եւ շարժական պատվաստումային կետերում:
2. Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է Քովիդի նոր շտամների զարգացման եւ արագ տարածման. կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ թվիթելով, որ այս ամենի հետեւանքով շարունակում են մարդիկ մահանալ, անկում է ապրում համաշխարհային տնտեսությունը:
3. Իտալիայում շարունակում են բողոքել քովիդ անձնագրերի դեմ: Նավահնագստային Տրեստ քաղաքում ոստիկաններն արդեն անցել են կոշտ միջոցների: Մի քանի օր փողոցներից չհեռացող ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենա ու արցունքաբեր գազ են կիրառել: Իրավապահների հետ բախումներ են գրանցվել նաեւ Միլանում՝ ցույցերի ժամանակ: Իտալիայում նոր որոշման համաձայն՝ աշխատողները պարտադիր պետք է ունենան քովիդ անձնագիր, որը կհավաստի, որ տվյալ անձը կամ պատվաստված է, կամ վերջերս է առողջացել, կամ էլ ունի ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Հակառակ դեպքում՝ ժամանակավորապես կհեռացվի աշխատանքից, նաեւ կտուգանվի:
4. Գրեթե նույն իրավիճակն է Ֆրանսիայում: Այստեղ էլ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել քովիդ անձնագրերի դեմ բողոքողների նկատմամբ: Առանց այս անձնագրի՝ ֆրանսիացիները չեն կարող այցելել ո՛չ ռեստորան, ո՛չ սրճարան, ո՛չ էլ կինոթատրոն կամ հանրային այլ վայրեր:
Աշխարհում տեղի ունեցողին անդրադարձել է՝ Մարին Մելիսեթյանը։