կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 21:34

Միջազգային տեսաշար․ Զաքիր Հասանովն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը՝ Հարավային Կովկասում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին»,-Կատարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին այս մասին հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ խիստ կարեւոր է շուտափույթ կերպով սկսել երկու երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Ու Բաքուն, Բայրամովի բնորոշմամբ, ուշադրությամբ հետեւում է այս ուղղությամբ ծավալվող գործընթացներին: Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ ասել է, որ միայն հաղորդակցության ուղիների վերաբացումն է ի վիճակի տարածաշրջանում կանխատեսելի իրավիճակ ստեղծել:

Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակն են քննարկել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան: Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Հասանովը Կոլոմինային պատմել է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կատարվող աշխատանքների, սահմանին տիրող իրավիճակի մասին: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն էլ ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը:

Թբիլիսիում գտնվող Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Անդրկովկասում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ 3 + 3 ձեւաչափ ստեղծելու Ռուսաստանի հայտարարությունը:

«Նախքան նոր հարթակների մասին խոսելը, Ռուսաստանը պետք է հարգեր 2008-ի հրադադարի համաձայնագրի պայմանները»,-ասել է Օսթինը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում: Ի դեպ, այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարն ու Պենտագոնի ղեկավարը համագործակցության մասին միջկառավարական հուշագիր են ստորագրել, որի նպատակն է խթանել Վրաստանի պաշտպանունակությունը: 

«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, իրապես ունեն դաշնակցային բնույթ»,-այս մասին ասվում է Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռագրում՝ ուղղված հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի մասնակիցներին:

«Մեր պետությունների միջեւ հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր՝ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ շատ այլ ոլորտներում»,-ասվում է Պուտինի հեռագրում:

Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Բաքու, Թբիլիսի, ապա Երեւան: Կլաարը թվիթել է, որ Եվրամիությունը ներգրավված է իր գործընկերների հետ՝ աշխատելու բարգավաճ եւ խաղաղ Հարավային Կովկասի համար: 

Միջազգային անցուդարձին հետևել է՝ Անահիտ Իվանյանը։