կարևոր
1609 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-18 20:22

Պատերազմի 22-րդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը կեսգիշերից որոշեցին հաստատել մարդասիրական զինադադար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի 22-րդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանն ու Ադրբեջանը կեսգիշերից որոշեցին հաստատել մարդասիրական զինադադար:

Եթե մինչ այս օգտագործվում էր «մարդասիրական հրադադար», «կրակի դադարեցում» արտահայտությունները, ապա այս անգամ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը նախընտրել էր «մարդասիրական զինադադար» անվանումը: Ադրբեջանական կողմը, սակայն, իր հայտարարությունում շարունակում էր գործածել «հրադադար» ձեւակերպումը։

Սակայն այդ խաղաղ իրավիճակը տեւեց ընդամենը մի քանի վայրկյան: Հյուսիսային ուղղությամբ կեսգիշերն անց՝ 00:04-ից 02:45-ը եւ հարավային ուղղությամբ՝ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածներում, թշնամին կիրառեց հրթիռահրետանային հարվածներ: Իսկ արդեն առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել էր հարձակման: 

Երեկոյան՝ ամփոփիչ ճեպազրույցում, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի պայմանավորվածությունն ու անցել հարձակողական գործողությունների: Բայց չուշացավ նաեւ ամենօրյա հուսադրող խոսքը: Նա նշել էր՝ հյուսիսում հակառակորդի բոլոր փորձերը պսակվում էին անհաջողությամբ, ադրբեջանական ուժերը հետ են շպրտվել:

Լավատեսական պաշտոնական տեղեկություններից հետո թվում էր՝ հաղթում ենք: Սակայն, պատերազմն արագորեն մոտենում էր Հայաստանի սահմաններին:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։