կարևոր
520 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 16:35

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան տարածքների զավթումը շարունակվում է

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան տարածքների զավթումը շարունակվում է

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան տարածքների զավթումը շարունակվում է: Այս մասին ահազանգում է Կինեմատոգրաֆիստների միությունը:

«Դեռ ոստիկանության կողմից որևէ տեղեկատվության բացակայությանը՝ կապված Արամի փողոցում գտնվող սրճարանատերերի կողմից Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի ապօրինի քանդման գործի հետ, դեռևս դատական գործընթացի չսկսված լինելուն ու ապօրինի քանդված թեքահարթակի վերականգնելու հեռանկարի անորոշությանը, (հիշեցնենք, որ այս գործով զբաղվել են թե ոստիկանությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները պաշտպանող ՀԿ-ներ և այլն), ԱՅԺՄ ԷԼ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ԱՅԼ ՌԵՍՏՈՐԱՆ-ԳԱՐԵՋՐԱՏԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԲԱՑՕԹՅԱ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՏԱՂԱՎԱՐՆԵՐ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՆԵՐՔԻՆ ԲԱԿՈՒՄ, որը տասնյակ տարիներ ծառայել է որպես ձմեռային այգի:

Այս այգին գրեթե պատմական նշանակության տարածք է: Այն ուղղակիորեն կապված է Կինոյի տան պատմության հետ, մշտապես ծառայել է ինչպես Հենրիկ Մալյանի անվան թատրոնին, այնպես էլ կինոյի տան մեծ դահլիճին:

Այս այգու հետ կապված են հայ կինոյի բազում մեծերի անուններ, հուշեր և հիշողություններ, որոնք ժամանակին ստեղծել են հրաշալի մշակութային միջավայր, և այն վերականգնվելու էր Կինոյի տան գլխավոր մուտքի վերաբացման, դրան հարակից հրապարակում արտիստական աստղային պուրակի ստեղծման և ապագա կինոթանգարանային միջավայրի կառուցման հետ միաժամանակ:

Ի դեպ, հավանաբար պատահական չէ, որ այս ռեստորանային զավթումը եղել է հենց այն օրերին, երբ նախապատրաստվում է Կինոյի տան գլխավոր մուտքի հանդիսավոր բացումը՝ Կինոթանգարանային միջավայրով, պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը:

Այս այգու հետ կապված Երևանի քաղաքապետարանի կողմից նախկինում իրականացվել են մի շարք ապօրինություններ, որոնք, ցավոք, այսօր էլ շարունակվում են:

Այդ ապօրինությունների արդյունքում Վարդանանց 18 հասցեի շենքի սեփականատերերին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ներքին բակի մոտավորապես կեսը, որը շենքի կառուցման պահից կանաչապատ տարածք է, ներկայացվել է որպես շենքի սեփականատերերից մեկի կողմից իրականացված ինքնակամ կառույց (ընդ որում`1-ին հարկ), օրինականացվել է, ճանաչվել է որպես այդ անձի սեփականություն, որից հետո ռեստորան կառուցելու համար տրվել է շինարարության թույլտվություն ու սկսվել է շինարարությունը:

Տեղեկացնենք, որ ՎԱՂԸ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ մասնակցությամբ կինոգործիչների, փաստաբանի, կապված այս ապօրինությունների և Կինոյի տան տարածքի զավթման հետ:

Ասուլիսի ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: