կարևոր
541 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 15:38

Գորիսեցիները մերժեցին մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրում էին իշխանությունները․ Արեգնազ Մանուկյան

Գորիսեցիները մերժեցին մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրում էին իշխանությունները․ Արեգնազ Մանուկյան

Գորիսեցիները մերժեցին պողպատե, մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրվում էր այս իշխանությունների կողմից, նաև մերժեցին սուտը և կեղծիքը: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«ՏԻՄ ընտրություններով Գորիսը մերժեց պատերազմ, պարտություն և զոհեր բերած իշխանություններին: Գորիսեցիներն ընտրեցին ապագան, բայց արժանապատիվ ապագան:

Այն դեպքում, երբ իշխանություններին ընտրությունների ժամանակ չի հաջողվում բանակի գործոնը կիրառել, անձնագրերի նույնականացման կամ չնույնականացման միջոցները կյանքի կոչել, մենք ստանում ենք բոլորովին այլ պատկեր»,-ասաց պատգամավորը:

Արեգնազ Մանուկյանը տեղեկացրեց, որ Աժ արտահերթ ընտրությունների ժամանակ արձանագրված այդ ընտրախախտումների փաստերով դիմել են ՍԴ և հիմնավոր կասկածներ ունեն, որ այդ ընտրախախտումների արդյունքում է, որ իշխանություններին հաջողվել է Սյունիքում և այլ բնակավայրերում ունենալ իրականություն չարտացոլող պատկեր:

«Քաղաքացիները կամաց-կամաց սկսել են հասկանալ, թե ԱԺ արտահերթ ընտրություններում՝ 3-րդ համարի քվեաթերթիկին ձայն տալով, ի՞նչ ապագա են ընտրել, և այս կարճ ժամանակահատվածում իրենք արդեն իսկ մերժում են իրենց ընտրած անհեռանկար ապագան»,-ընդգծեց պատգամավորը:

Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ Գորիսում Առուշ Առուշանյանը հաղթեց իշխանությունների աննախադեպ ճնշումների, ոստիկանական մեծ ուժեր կուտակելու պայմաններում և հավելեց, որ այդ ճնշումները սկսվել էին շատ ավելի շուտ, երբ կալանավորում էին Առուշանյանին և իր ընկերներին:

Նա մյուս համայնքներին կոչ արեց հետևել Գորիսի օրինակին:

Պատգամավորը նկատեց՝ անգամ պատվաստումներն են ցուցիչ, որ հասարակության շրջանում իշխանությունները վստահություն չունեն։

«Թվում էր՝ 650 հազար ձայն էին ստացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց արդեն կասկածներ են առաջանում։ Զարմանալի է, որ իրենց ընտրողներն իշխանության հորդորին չեն հետևում և չեն գնում պատվաստվելու։

«Ամբողջ աշխարհում պատվաստումները մինչ այժմ գոյություն ունեցող վարակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են։ Այս կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված նրանց մոտ շատ խիստ կասկածներ են առաջացել նաև տեղեկատվության բացակայության պատճառով, որովհետև իշխանությունը չի կարողացել ճիշտ քարոզչություն իրականացնել, չի կարողացել քաղաքացիներին ճիշտ ինֆորմացիա տեղ հասցնել»,-նշեց Արեգնազ Մանուկյանը և հավելեց, որ օր առաջ պետք է իշխանափոխություն իրականացնել, և դա անել այնպիսի մեխանիզմներով, որ չխաթարվի մեր պետության հիմքերը։