կարևոր
3250 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-18 14:59

Ուժայինների ղեկավարներին արգելված է շփվել ընդդիմության հետ. հրահանգ է տրված ոչինչ չմեկնաբանել․ Աննա Մկրտչյան

Ուժայինների ղեկավարներին արգելված է շփվել ընդդիմության հետ. հրահանգ է տրված ոչինչ չմեկնաբանել․ Աննա Մկրտչյան

Պատերազմից հետո Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների մասին տեղեկատվություն ստանալը մեծ խնդիր է ոչ միայն հասարակության, այլև ընդդիմության համար․ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Սյունիքի շուրջ զարգացումների մասին թեկուզ փոքրիշատե հստակություն պարունակող ինֆորմացիայի բացակայությանը։

Պատգամավորն ընդգծեց, որ մեկ ամիս շարունակ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում ու հորդորում է, որպեսզի ԱԱԾ տնօրենը, ԱԳ, պաշտպանության նախարարները, ԳՇ պետը պարզաբանումներով հանդես գան այս առնչությամբ, սակայն նրանց կողմից դրա փորձն անգամ չի արվում։ 

«Սա գոնե նվազագույնը հիմնավոր կասկած տալի՞ս է՝ ենթադրելու, որ այս մարդկանց ուղղակի արգելված է շփվել ընդդիմության հետ։ Պատգամավորներն ունեն պետական գաղտնիքին տիրապետելու որոշակի աստիճանի թույլտվություն, սակայն նրանք անգամ այդ աստիճանի թույլտվության տեղեկատվությունն են խորշում մեզ տրամադրել։ Այսինքն՝ հրահանգ ունեն որևէ կերպ ոչինչ չմեկնաբանել, մեզ համար պարզ չդարձնել այն իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանում և Հայաստանի շուրջ»,- ասաց Մկրտչյանը։ 

Նա ընդգծեց, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակներին մինչև այսօր ոչինչ հայտնի չէ նաև Փաշինյան-Պուտին հանդիպումից՝ այն դեպքում, երբ ֆեյսբուքյան լայվերի սիրահար Նիկոլ Փաշինյանը նախկինում ամենափոքր իրադարձությունն անգամ մանիպուլյացիաներով որպես մեծ հաջողություն էր հրամցնում հասարակությանը։ Այժմ լուռ է ոչ միայն պաշտոնական լրահոսը, այլև Փաշինյանի ֆեյսբուքյան էջը»։

Աննա Մկրտչյանը նաև նշեց, որ միջազգային ատյաններում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները քննելիս՝ ադրբեջանցիները հայկական կողմին հակադարձում են՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Պատգամավորն արձանագրեց, որ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին դեպքն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հակադարձում են հայկական կողմին ՝ հայկական ղեկավարության խոսքերով: