կարևոր
862 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 14:24

Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանին ժամանակավորապես կփոխարինի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը

Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանին ժամանակավորապես կփոխարինի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը

Մինչեւ Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի ազատ արձակվելը նրա պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մենուա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց ձայների բացարձակ առավելությամբ՝ ստանալով 6269 քվե կամ ընտրողների ձայների 60,28%-ը։ «Առուշ Առուշանյան» դաշինքի հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 3568 մարդ կամ 34,3%-ը։

Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ սյունեցի ՔՊ-ական պատգամավորները շնորհավորե՞լ են Առուշանյանի հաղթանակի առթիվ, երեկ բավականին ուրախ էին: Հարցին ի պատասխան՝ Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ ՔՊ-ականներից որեւէ մեկը չի շնորհավորել, նրանց հրճվանքն էլ պայմանավորված է եղել Տեղ եւ Տաթեւ համանքներում հաղթանակով, միամտաբար կարծել են, թե Գորիսում էլ պիտի հաղթանակ տոնեն, բայց խայտառակ ձեւով պարտություն կրեցին:

«Չեն շնորհավորել: Իրենց ուրախությունը պայմանավորված էր նրանով, որ վստահ էին ու հավատացած, թե հաղթելու են Գորիսում: Մինչ պարզ կդառնար, որ այստեղ հաղթել է Առուշ Առուշանյանը, ՔՊ-ականները ժամեր առաջ արդեն տոնում էին Տեղ եւ Տաթեւ համայնքներում հաղթանակը ու սպասում Գորիսում հաղթանակին»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս հաղթեց Առուշանյանը, երբ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ  ընտրություններում Սյունիքում հաղթանակ տարավ Նիկոլ Փաշինյանը, Հովսեփյանն արձագանքեց. «Առուշ Առուշանյանը հաղթեց, քանի որ գորիսեցին ուզում է նրան տեսնել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում»:

Հովսեփյանի խոսքով՝ համայնքը 2017թ.-ից տեսել է, թե Առուշանյանը Գորիսում ինչպիսի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել: Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ Առուշ Առուշանյանի որդեգրած քաղաքականությունն իրենք շարունակելու են մինչեւ վերջ: «Պայքարելու ենք արդարության եւ ճշմարտության համար»,- շեշտեց նա:

Հովսեփյանն ասաց, որ Առուշանյանի հետ խոսել չի հաջողվել, քանի որ նա զրկված է տեսակցության եւ զանգի իրավունքից:

Անդրադառնալով առաջիկայում Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին՝ Հովսեփյանը վստահեցրեց, որ գործող քաղաքապետը՝ Գեւորգ Փարսյանը, ունենալու է լուրջ հաջողություններ: