կարևոր
424 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 09:35

Գորիսում 60,3% ձայնով հաղթեց Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը

Գորիսում 60,3% ձայնով հաղթեց Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը

Երեկ Գորիսում կայացած ավագանու ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Դաշինքն իր հերթին կնշանակի Գորիսի քաղաքապետին։

Ձայների մեծամասնությամբ՝ դաշինքը ստացավ 6269 ձայն կամ 60,28%-ը։

«Առուշ Առուշանյան դաշինքի» մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 3568 մարդ կամ 34,3%-ը։ Երրորդ ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ստացել է 282 ձայն, կամ՝ 2,7%-ը։

Նշենք, որ Գորիս համայնքում ընտրելու իրավունք ունի 20 696 մարդ, որից ՏԻՄ ընտրությանն է մասնակցել 10 399 հոգի կամ 50.25%-ը. անվավեր է ճանաչվել 282 քվեաթերթիկ։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գնացել էր Երևանի Կենտրոն ՔԿՀ՝ Առուշ Առուշանյանին նախնական հաղթանակի լուրն անձամբ հայտնելու ու շնորհավորելու։ 

Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը վստահ էր, որ հաղթելու է, որովհետև վստահ էր, որ գորիսեցին իր կողքին է։

«Պարոն Առուշանյանը բոլորին ջերմ բարեւներ է հղում ու մեծ շնորհակալություն էր փոխանցում: Նա ցանկանում է, որ բոլորն իմանան՝ սա հաղթանակի սկիզբն է, միշտ գրանցվելու են հաղթանակներ, եւ ով դրանում կասկածում է, չարաչար սխալվում է», - «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտից հայտնում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: