կարևոր
301 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-17 16:25

Բերման են ենթարկվել «Առուշանյան» դաշինքի անդամները

Բերման են ենթարկվել «Առուշանյան» դաշինքի անդամները

Ոստիկանությունն այսօր բերման էր ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին:

Լրագրողների հետ զրույցում թեկնածուն պատմել է, որ բերման են ենթարկել այն պատճառով, որ իր տարեց հարևանուհուն, որն առողջական խնդիրներ է ունեցել, իր մեքենայով բերել է ընտրատեղամաս՝ հարևանուհու խնդրանքով, իսկ երբ ոստիկանները դա տեսել են, թե՛ իրեն, թե՛ տարեց հարևանուհուն բերման են ենթարկել: Այս պահին և ՛դաշինքի ավագանու թեկնածուն, և՛ տարեց կինն ազատ են արձակվել: 

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը տեղեկացնում է, որ երեկ գիշերվանից բերման են ենթարկում «Առուշանյան» դաշինքի անդամներին՝ հավելելով, որ այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. «Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց 10-ից ավել բերման ենթարկված կար»,-ասաց նա:

Իսկ թե ի՞նչ հիմնավորմամբ են բերման ենթարկել դաշինքի անդամներին, փոխքաղաքապետն  էլ տեղյակ չէ. «Չեմ կարող ասել, հստակ հիմնավորում չկա, մանիպուլյացիաներ են անում, ցանկանում են ընտրական գործընթացը խոչընդոտել»:

Հիշեցնենք, որ Գորիսում այսօր համայնքապետի ընտրություններ են: Գորիսի պայքարում են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և «Առուշ Առուշանյան» դաշինքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, իսկ Մենուա Հովսեփյանն ահազանգել էր ՔՊ-ի կողմից ուղղորդումների մասին: