կարևոր
706 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-17 15:36

ՔՊ-ի կողմից բազմաթիվ ուղղորդումներ են եղել. ոստիկանական տարբեր զորքեր այս պահին գտնվում են Գորիսում. Մենուա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաղթանակն առջևում է, հուսով եմ՝ մեր համաքաղաքացիներն ըստ արժանվույն կգնահատեն 2017թ-ից մինչ օրս Գորիսում տեղի ունեցած բարեփոխումները՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Մեզ ծանոթ ձեռագիր է սա, հույս ունենք, որ իրենց իրականացրած գործողություններն իրականություն չի դառնա և ընտրության արդյունքների վրա ազդեցություն չեն ունենա: Ճիշտ կլինի, այնպիսի պրովոկացիաներ չանել և այնպիսի մթնոլորտ չստեղծել, որը կարող է խանգարել նորմալ պայմաններում ընտրություններ անցկացնելուն»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա հայտնեց, որ ոստիկանական տարբեր զորքեր գտնվում են Գորիսում.

«Այնպիսի տպավորություն է, որ վախի և ահաբեկելու միջավայր են փորձում Գորիսում ստեղծել, բայց գորիսեցին վախեցող տեսակ չէ, գորիսեցին չի հանձնվելու: Մենք հասնելու ենք արդարության վերականգման»,-ասաց Մենուա Հովսեփյանը:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Առուշ Առուշանյանի կալանքի տակ գտնվելուն՝ Մենուա Հովսեփյանն ընդգծեց, որ դա մրցակցությունն անհավասար է դարձնում, քանի որ իրենց թեկնածուն դրսում է, իսկ մեր թեկնածուն կալանավայրում է:

«Դա, իհարկե, նշանակություն ունի, բայց Առուշ Առուշանյանը պայքարող տեսակ է, և ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք, թեկուզ այն պարագայում, երբ նա գտնվում է անազատության մեջ, ու շատ շուտով հաղթանակ ենք տոնելու»,-ասաց Մենուա Հովսեփյանը:

Մենուա Հովսեփյանը հայտնեց, որ ահազանգեր ունեն, որ ուղղորդումներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից, Վլադիմիր Աբունցի շտաբի աշխատակազմի կողմից: 

«Ուղղորդումների արդյունքում փորձ է արվում ինտրիգներ ստեղծել, խառնակչական գործունեություն ծավալել: Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ զանգեր տեղամասերից. ինչ-որ հրահրումների, խնդիրներ ստեղծելու, ոստիկանական սևբերտավորների, կարմիրբերետավորների միջոցով ահաբեկելու, միջավայրն «աղտոտելու» ուղղությամբ գործընթացներ են տարվում: Հույս ունենք՝ ընտրախախտումները, այս գործընթացները լուրջ ազդեցություն չեն ունենա, մենք հետևողական ենք և կարձագանքնենք ցանկացած տեսակի ընդվզման»,-ասաց Հովսեփյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են երեկվանից Սյունիք մեծաթիվ ոստիկանական ուժեր ժամանել, Հովսեփյանը տեսակետ հայտնեց, թե նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է:

Անդրադառնալով 30 մլն դրամ գրավի դիմաց իր ազատ արձակմանն ու Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ մնալուն, Հովսեփյանն ասած, թե դատական որոշումները պայմանավորված են նրանով, թե արդյոք դատավորը այնքան կամք, ուժ ունի, որ ճիշտ որոշում կայացնի:

«Ճնշումները բավականին մեծ են, բազմակողմանի, իշխանություններն անում են ամեն բան, որ ահաբեկչական մթնոլորտը անընդհատ բարձր մակարդակի վրա մնա, վախի մթնոլորտ տարածելու համար բավական լուրջ աշխատանքներ են տարվում»,-ասաց նա: