Անգելա Մերկելը, Գերմանիայի կանցլերի պաշտոնը մեկընդմիշտ թողնելուց առաջ, վերջին անգամ այցելել է Թուրքիա: Էրդողանը նրան դիմավորել է Ստամբուլում՝ Բոսֆորի ափին գտնվող նախագահական Հուբեր առանձնատանը:
Նախքան բանակցությունները, Էրդողանը գոլֆի մեքենայով շրջայց է կազմակերպել Մերկելի համար, ցույց տվել տեղանքը: Հետո պատշգամբից, մոտակայքում հավաքված լրագրողներին ողջունելուց հետո, անցել են բուն օրակարգին: Բանակցությունները փակ դռների հետեւում տեւել են մոտ մեկ ժամ:
Հետո Էրդողանն ու Մերկելը ճաշել են, ապա հանդիպել լրագրողների հետ: Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, Սիրիան, Լիբիան, Աֆղանստաը, ոչ մի խոսք Հարավային Կովկասից: Անգելա Մերկելը ընդգծել է՝ չնայած առկա տարաձայնություններին, ձգտել են Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ:
Կանցլերը բարձրացրել է Թուրքիայում բանտարկված Գերմանիայի քաղաքացիների հարցը: Էրդողանն էլ, որպես արդարացում, ասել է, թե իբր իր երկրում դատական իշխանությունն անկախ է: Էրդողանն էլ բողոքել է, ասել, թե ռասիզմն ու իսլամաֆոբիան այն հիմնական խնդիրներն են, որոնց բախվում են Եվրոպայում բնակվող թուրքերը:
Էրդողանը դժգոհել է նաեւ Թուրքիայում ապաստանող գաղթականների թվից, պաշտոնապես մոտ 4 միլիոն: Թուրքիայի նախագահը չափազանցնում է: Մերկելը խոստացել է՝ Եվրամիությունը կշարունակի օգնել Անկարային: Գաղթականների հոսքը Եվրոպա թույլ չտալու համար Եվրամիությունը Թուրքիային միլիարդներ է վճարում:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։